Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Նիդեռլանդների ԱԳՆ–ների միջև
Այսօր Երևանում Հայաստանի և Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ են անցկացվել, այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունից:
Ըստ ԱԳՆ հաղորդագրության՝ կողմերը քննարկել են հայ-հոլանդական երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ: Շեշտվել է երկու երկրների միջև քաղաքական երկխոսության, գործադիր մարմինների ու խորհրդարանական շրջանակների համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը:
Հատուկ ընդգծվել է երկու երկրների միջև տնտեսական փոխգործակցության խթանման, մշակութային և կրթական փոխանակումների ակտիվացման կարևորությունը: Անդրադարձ է կատարվել միջազգային կառույցների նախաձեռնություններում, այդ թվում` ԵՄ «Արևելյան գործընկերության» շրջանակներում, համատեղ ծրագրերի իրականացման և փոխգործակցության հնարավորություններին:
Տեղի է ունեցել մտքերի փոխանակում արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի, հարևան երկրների հետ Հայաստանի հարաբերությունների և միջազգային օրակարգի հրատապ հարցերի շուրջ:
Նույն օրը նիդեռլանդական պատվիրակությանն ընդունել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը:









