Լյուդմիլա Սարգսյանը վստահ է, որ ՀԱԿ-ի և Դավիթ Շահնազարյանի ճանապարհները դեռ խաչվելու են
Ազգային ժողովի «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը համոզված է, որ ՀԱԿ–ը վերջերս լքած Դավիթ Շահնազարյանը նույնքան մտահոգ է ներկայումս երկրում ստեղծված վիճակով, որքան ՀԱԿ-ը։
«Ուղղակի Շահնազարյանը պայքարի շարունակության հարցում այլ մոտեցում ունի, ինչը մենք հարգում ենք: Մենք պետք է հանդուրժող լինենք այլ կարծիքների նկատմամբ, հարգենք ընկերոջ որոշումը և շարունակենք պայքարը»,- ասաց նա հրավիրված մամուլի ասուլիսում:
Ավելին՝ ՀԱԿ պատգամավորը վստահ է, որ դեռևս առիթ կլինի, որպեսզի խաչվեն իրենց ճանապարհները: «Վաստահ եմ, որ մեր ճանապարհները խաչվելու են՝ սեպտեմբերին, հոկտեմբերին հանդիպելու ենք և շարունակելու ենք»,- ասաց նա՝ ՀԱԿ-ից դուրս եկողների առնչությամբ նկատելով, որ գուցեև զուգահեռ պայքարն ավելի արդյունավետ լինի:
Լյուդմիլա Սարգսյանը համամիտ չէ Լևոն Զուրաբյանի այն տեսակետի հետ, թե ՀԱԿ-ը մաքրվում է: «Յուրքանչյուր քաղաքական դեմք իր ներկայությամբ հարստացնում էր ՀԱԿ-ը, բայց կան պայքարի տարբեր ձևաչափեր, որն այդքան էլ հեշտ չի համատեղել»,- ասաց նա և ավելացրեց, որ մնացողները ՀԱԿ-ում ավելի շատ են, քան հեռացողները, ըստ նրա, նույն մոտեցումը բոլորին չի կարող գոհացնել:
Անդրադառնալով Դավիթ Շահնազարյանի հայտարարությանը, թե ընդդիմությունը ոչ լեգիտիմ է, Լյուդմիլա Սարգսյանը նկատեց, որ դա չի վերաբերվում ՀԱԿ-ին, այլ, ըստ նրա, խոսքը «Բարգավաճ Հայաստանի» մասին է:
Լյուդմիլա Սարգսյանը խոսեց նաև առաջիկա նախագահական ընտրություններին ՀԱԿ-ի հնարավոր թեկնածուի առաջադրման մասին: Նա նշեց, որ անձամբ իր համար միասնական նախընտրելի թեկնածուն միայն Լևոն Տեր-Պետրոսյանն է և ոչ ուրիշը, քանի որ վստահում է «նրա քաղաքական հոտառությանը»:
Նա նաև չբացառեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածության առաջադրմանը զուգահեռ կարող են նաև առաջադրվել այլ թեկնածուներ:









