Խուսափե՛ք ինքնասպանություն գործելու փաստը ներկայացնել ցնցող մեկնաբանությամբ. ցուցում ԶԼՄ-ին
Չի կարելի ցուցադրել ինքնասպանի լուսանկարը, մանրամասն շարադրել ինքնասպանության ձևը կամ՝ այն գործելու ռոմանտիկ ու խորհրդավոր պատճառները, պետք է խուսափել ինքնասպանություն գործելու փաստը ցնցող մեկնաբանությամբ ներկայացնելուց:
Սրանք Առաղջապահության համաշխարհային կազմակերպության կողմից լրատվամիջոցների համար մշակված ցուցումներն են, որոնք այսօր հայ լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց Հայաստանում ինքնասպանագետ Կամո Վարդանյանը:
Նրա խոսքով՝ պետք չէ կայքերում տեղադրել արյունոտ դանակներ կամ կախվելու պարաններ, ավելին՝ հոգեբանի պատկերավոր ներկայացմամբ՝ հայաստանյան որոշ կայքեր դարձել են «ակումբներ», որոնք մանրամասնորեն լուսաբանում են, թե ինչպես կարելի է ինքնասպանություն գործել:
Ինքնասպանագետի հավելմամբ՝ շատ կարևոր է պարզաբանել հոգեկան հիվանդության, դեպրեսիայի, ալկոհոլիզմի ու թմրամոլության դերը ինքնասպանություն գործելու հարցում և ընդգծել, որ տվյալ հիվանդություններն ու ախտերը բուժելի են:
Նշենք, որ Հայաստանում 2000-2005թթ. ինքնասպանություն ու ինքնասպանության փորձ է կատարել 2396 անձ, որոնցից 1241-ը կամ 51.8 տոկոսը մահացել է, իսկ 1157-ը կամ 48.3 տոկոսն իր նպատակին չի հասել իրենցից անկախ տարբեր պատճառներով:
Ինքնասպանությունների հաշվարկի մեթոդոլոգիան 100.000 շնչին ընկած մեկ դեպք է և մինչև 10 դեպքի թվում համարվում է, որ ցուցանիշը ցածր է, մինչև՝ 20-ի դեպքում՝ միջին,իսկ դրանից ավելին՝ բարձր: Հայաստանում այդ ցուցանիշը, ըստ սոցիոլոգի՝ չի հասնում 20-ի և 15-16-ի միջակայքում է, այսինքն ճգնժամային իրավիճակի մասին չի կարելի խոսել:
Համեմատության համար նշենք, որ եվրոպական որոշ երկրներում այդ ցուցանիշը 40-ից բարձր է, իսկ օրինակ Ուդմուրտիայում՝ 180-ից:
Սակայն այստեղ կա մի կարևոր հանգամանք, այն է, որ խորհրդային տարիներին այդ ցուցանիշը Հայաստանում եղել է ամենացածրը՝ բոլոր միութենական հանրապետություններից: Այն է՝ 100.000 բնակչին 1.8 մարդ, և սա այն դեպքում, երբ Էստոնիայում այդ ցուցանիշը 27,4 էր, իսկ Լիտվայում՝ մոտ 23:
Սրանք 1986 թվականին տվյալներ են, թեպետ Կամո Վարդանյանն այնքան էլ դրանց չի վստահում, քանի որ, ըստ նրա, խորհրդային պրոպագանդային հարիր էր հետևյալ միտումը՝ «ինքնասպանությունը խորհրդային անձին բնորոշ երևույթ չէ»:
Քանի որ ինքնասպանությունների նվազեցման լավագույն միջոցը Կամո Վարդանյանը համարում է մարդու, ընտանիքի, հարազատների, ընկերների կողմից բավարար ուշադրությունը, ապա նա առաջարկում է ծանոթանալ ինքնասպանի հոգեբանական մոդելին: Այն է՝ դեզադապտացիա, կյանքի խնդիրներում կողմնորոշվելու անկարողություն, դրանց նկատմամբ հիվանդագին վախը, իրականության աղճատված ընկալումը, հոռետեսությունն ու դեպրեսիա:
«Ինքնասպանության դիմող անձը փոխում է իր վարքը և մենք պետք է կարողանանք հասկանալ դա: Ինչպե՞ս, շատ պարզ՝ նախասուիցիդալ շրջանում մարդու վարքի փոփոխությունը կարող է տևել մինչև 1,5 տարի: Մենք կապված ենք երևույթների, անձանց հետ, մեկն ապրում է իր երեխայի, մյուսը՝ կնոջ համար, մեկն էլ իր մասնագիտության համար, մեկը հավաքում է դրամ և մարդն իր համար նշանակալի անձանցից սկսում է հեռանալ»,- այնպես որ, հոգեբանն առաջարկում է ուշադրություն դարձնել անգամ այն դեպքերում, երբ մարդը սկսում է անուշադրության մատնել սիրած հոբբին:
Ըստ ինքնասպանագետի՝ ինքնասպանության պատճառները տարբեր են՝ սկսած հոգեբանական, հորմոնալ վիճակներից մինչև գեներն ու մակաբույծները, որոնք մարդուն կարող են ինքնասպանության դրդել, սակայն հիմնականը մարդու մոտ անհուսությունն ու անելանելիությունն են, որ կարող են արտահայտված լինել տարբեր դրդապատճառներով:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության կանխատեսումներով՝ 2020 թվականին ողջ աշխարհում յուրաքանչյուր 20 րոպեն մեկ ինքնասպան կլինի 1 մարդ, իսկ 1-2 վայրկյանը մեկ կկատարվի ինքնասպանության փորձ:
Ըստ Կամո Վարդանյանի՝ մարդը սկսել է ինքնասպանություն գործել մինչև անիվի գյուտն ու կրակի «սանձահարումը»: Այսինքն, մարդու առաջացման հետ միաժամանակ առաջացել է ինքնասպանության երևույթը: Անտիկ շրջանում ինքնասպանության երևույթը նույնիսկ կրել է պրագմատիկ բնույթ, այն ուղղված է եղել ցեղի գոյատևմանը: Այսինքն՝ սովի տարիներին ինքնակամ դադարում էին սնվել ծերերն ու երեխաները, և միայն վերարտադրվող (ռեպրոդուկտիվ) տարիքի անձիք են սնվել:
Ավելի ուշ ինքնասպանության երևույթը որոշ երկրներում կրել է ավանդույթի բնույթ: Ինչպես օրինակ՝ խարակիրին ու սաթին Արևելքում և Հնդկաստանում: Ստալինի օրոք՝ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ նույնիսկ ցուցում էր տրվում, որ խորհրդային զինվորը իրավունք չունի կենդանի-կենդանի գերի հանձնվելու և պետք է ինքնասպանություն գործի:
Ինքնասպանություն գործած հայտնի պատմական ու քաղաքական անհատներն են՝ Կլեոպատրան, Մարկ Անտոնիոսը, բազմաթիվ դերասաններ ու քաղաքական գործիչներ:
Ինքնասպանագետը ինքնասպանությանը մոտ երևույթ է համարում նաև աուտոդեստրուկտիվ վարքագիծը, երբ մարդը սկսում է շատ ծխել, շատ աշխատել, արագ մեքենա վարել:









