Լիբիայի խորհրդարանական ընտրություններում, նախնական տեղեկություններով, հաղթել են լիբերալները
Լիբիայի նախկին վարչապետ Մահմուդ Ջիբրիլի գլխավորած «Ազգային ուժերի դաշինք» կուսակցությունը հաղթել է Կադաֆիի ռեժիմից հետո առաջին անգամ անցկացված խորհրդարանական ընտրություններում, գրում է The Guardian-ը:
Թեև շաբաթ օրն անցկացված քվեարկության վերջնական արդյունքները դեռ պատրաստ չեն ու դրանք կհրապարակվեն առաջիկա օրերին, սակայն, ըստ լրագրողների, արդեն հիմա կարելի է խոսել, որ լիբերալ համարվող «Ազգային ուժերի դաշինք»-ը հաղթել է, իսկ իսլամիստները` պարտվել:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովից լուրերի արտահոսքի համաձայն` մայրաքաղաք Տրիպոլիում ու Բենգազիում Ջիբրիլի կուսակցությունը հավաքել է ձայների մինչև 80%-ը, իսկ այլ շրջաններում ցուցանիշները մի փոքր այլ են:
Ընտրությունների արդյունքներով` Գերագույն ազգային կոնգրես կանցնի 200 պատգամավոր: Կոնգրեսը կկատարի խորհրդարանի գործառույթները, կնշանակի վարչապետ ու կառավարություն, ինչպես նաև կզբաղվի երկրի նոր սահմանադրության մշակմամբ:
Եթե նախնական արդյունքները հաստատվեն, ապա սա կնշանակի, որ Լիբիան չի հետևի հարևան Թունիսի ու Եգիպտոսի օրինակին, որտեղ հեղափոխություններից հետո իշխանության են եկել չափավոր իսլամիստները:









