Կոչ են անում լավ լուսաբանել ԼՂՀ նախագահական ընտրապայքարը. հայտարարություն
Մի շարք հասարակական կազմակերպություններ, լրագրողներ ու փորձագետներ հանդես են եկել կոչով՝ ուղղված հայաստանյան ԶԼՄ-ներին՝ ԼՂՀ-ում հուլիսի 19-ին կայանալիք հերթական նախագահական ընտրությունների լուսաբանման կապակցությամբ։
Ստորև ներկայացնում ենք հայտարարությունը.
«Հուլիսի 19-ին Լեռնային Ղարաբաղում կայանալու են հերթական նախագահական ընտրությունները։ Միջազգային ճանաչման ձգտող երկրի համար ազատ, մրցակցային և թափանցիկ ընտրությունները շատ կարևոր են հետագա զարգացման և բոլոր ոլորտներում բարեփոխումների համար։
Ըստ այդմ էլ երիցս կարևորվում է, որպեսզի նախընտրական պայքարն անցնի կառուցողական քաղաքական բանավեճերի մթնոլորտում և հայտնվի հասարակության հետաքրքրության և ուշադրության կենտրոնում: Իսկ դա ապահովելու համար անհրաժեշտ է նաև Հայաստանի հանրության, տեղեկատվական դաշտի ներգրավվածությունը։ Մինչդեռ վերջիններիս անդրադարձը ԼՂՀ հասարակական-քաղաքական զարգացումներին չի կարելի համարժեք համարել:
Այս բացը լրացնելու համար Հայաստանի զանգվածային լրատվամիջոցներին կոչ ենք անում հետևողական, շահագրգիռ ու պրոֆեսիոնալ լուսաբանում ապահովել Լեռնային Ղարաբաղի նախագահական ընտրապայքարի գոնե վերջին փուլում։
Նկատի ունենալով ԼՂՀ-ում և ՀՀ-ում առկա գործընթացների շաղկապվածությունը՝ սա չափազանց կարևոր է երկու հանրապետությունների և նրանց հանրությունների համար»,-գրված է ՀՀ ԶԼՄ-ին ուղղված կոչում:
Կոչը ստորագրել են.
Բորիս Նավասարդան՝ ԵՄԱ նախագահ
Գևորգ Տեր-Գաբրիելյան՝ Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի տնօրեն
Ստեփան Գրիգորյան՝ Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ
Նունե Սարգսյան՝ Մամուլի աջակցության «Ինտերնյուս» ՀԿ նախագահ
Մանվել Սարգսյան՝ Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն
Հովսեփ Խուրշուդյան՝ «Քաղաքացիական ազգային նախաձեռնություն» ՀԿ ներկայացուցիչ
Աշոտ Մելիքյան՝ «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ
Արմեն Գրիգորյան՝ «Ժողովրդավարություն հանուն զարգացման» ՀԿ նախագահ
Արթուր Պապյան՝ «Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ» ՀԿ նախագահ
Հայկազն Ղահրիյան՝ «Լրագիր» էլեկտրոնային թերթի գլխավոր խմբագիր
Էդիկ Բաղդասարյան՝ «Հետք» էլեկտրոնային թերթի գլխավոր խմբագիր
Թաթուլ Հակոբյանը՝ լրագրող, «Սիվիլիթաս» հիմնադրամի փորձագետ
Միքայել Զոլյանը՝ անկախ փորձագետ









