Բաց նամակ Սեյրան Օհանյանին՝ ընդդեմ Գեղամ Հարությունյանի վերանշանակման
Զինված ուժերի համակարգի մի խումբ ներկայացուցիչներ հանդես են եկել բաց նամակով, ուղղված պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, որում իրենց մտահոգությունն են հայտնում ՊՆ հասարակական խորհրդի նախագահ, ՊՆ խորհրդական Գեղամ Հարությունյանին նույն պաշտոնում վերստին նշանակման հնարավորության կապակցությամբ:Ստորև ներկայացնում ենք բաց նամակը.
Մեր տեղեկություններով այս օրերին ՊՆ հասարակական խորհրդի նախագահ, ՊՆ խորհրդական Գեղամ Հարությունյանն ամեն կերպ փորձում է շահել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի բարեհաճությունը, որպեսզի երկրորդ անգամ վերանշանակվի հասարակական խորհրդի նախագահ:
Մեր տվյալներով Գեղամ Հարությունյանն ամեն ինչ անում է, որպեսզի խորհրդի նոր կազմում կրկին հայտնվեն նաև նրանք, ում հետ նա անցյալ տարի այս օրերին հաջողությամբ ծածկադմբոց արեց Մարտունի զորամասում բացահայտված ապօրինությունը:
Պարոն նախարար. մի՞թե այսքանից հետո դուք երկրորդ անգամ կվերանշանակեք Գեղամ Հարությունյանին հասարակական խորհրդի նախագահի պատասխանատու պաշտոնում, կրկին անգամ կվստահեք մեկին, ով խաբել է ձեզ, չի զեկուցել մեր զինվորների սննդի, առողջության հետ կապված առավել խոշոր չափերի հասնող չարաշահում բացահայտելու մասին:
Պարոն նախարար. արդեն երեք ամիս է, ինչ մեր նախաձեռնությունն ահազանգում է Գեղամ Հարությունյանի կատարած ապօրինության մասին, որը չունի ոչ մի արդարացում, որը դեմ է բոլոր բարոյական չափանիշներին:
Իշխանության բերկրանքը վայելող նախկին մոլի ընդդիմադիր Գեղամ Հարությունյանը չզեկուցեց ձեզ մեր զինվորների թերսնվելու, մեր զինվորների հաշվին ոմանց հարստանալու հանգամանքը, վաճառեց իր լռությունը: Իսկ ունե՞ր, արդյոք, հասարակական խորհուրդը իրավունք ստուգումներ իրականացնել զորքերում, չէ որ զորքերը ստուգող բազմաթիվ մարմիններ կան: Ինչո՞ւ է Հասարակական խորհուրդը կրկնօրինակում այլ մարմինների պարտականությունները, մի՞թե այլբան չկա անելու:
Պարոն նախարար. տեղի է ունեցել առավել խոշոր չափերի հասնող չարաշահում: Այդ չարաշահումը բացահայտող չինովնիկը՝ Գեղամ Հարությունյանը այդ մասին ձեզ չզեկուցելով դարձել է այդ հանցավոր շղթայի վերջին օղակը:
Հնդկական սառեցված գոմեշի միս մթերելու անմիջական պատասխանատուները կարող են լինել կամ ՊՆ տեղակալ Ալիկ Միրզաբեկյանը, կամ ԳՇ պետի տեղակալ Արշալույս Փայտյանը: Թե ո՞վ է այս երկուսից մեղավորը գիտե Գեղամ Հարությունյանը, ում լռությունը գին ունի:
Պարոն նախարար. մենք կոչ ենք անում Հայաստանի նախագահին, պաշտպանության նախարարին չվերանշանակել իրեն արատավորած չինովնիկին հասարակական խորհրդի նախագահի պատասխանատու պաշտոնում:
Պարոն նախարար. անընդունելի է, որ առավել խոշոր չափերի չարաշահում բացահայտած և այդ մասին իր վերադասին չզեկուցած պետական չինովնիկը վերանշանակվի նույն պաշտոնին:
Պարոն նախարար. Գեղամ Հարությունյանը պարգևատրված է մարտական խաչ երկրորդ աստիճանի շքանշանով: Այդ ինչպիսի մարտական ծառայությունների, սխրանքների համար է պարգևատրվել այդ շքանշանով Գեղամ Հարությունյանը:
Որտեղ, երբ, որ ջոկատի, ստորաբաժանման կազմում է կռվել Գեղամ Հարությունյանը, որ ճակատներում և որ մարտերին է նա մասնակցել: Այս հարցերի պատասխանը մեկն է պարոն նախարար: Գեղամ Հարությունյանը մեկ օր անգամ ձեռքը զենք չի բռնել:
Պարոն նախարար. ապականված կենսագրությամբ մարդը հասարակական վերահսկողություն իրականացնելու իրավունք չունի: Այդ պատասխանատու պաշտոնում հարկավոր է ժամանակակից մտածողություն ունեցող, իրեն չարատավորած մարդ»,- գրված է բաց նամակում:
Նամակի տակ ստորագրել են.
«Բանակում անարդարություններին»նախաձեռնություն՝ Հովհաննես Սարգսյան՝ պահեստազորի փոխգնդապետ, Արա Թադևոսյան՝ պահեստազորի փոխգնդապետ, Գարեգին Սերոբյան՝ ազատամարտիկ, ԱրմենԳաբրիելյան՝ ԼՂՀՊԲ N զորամասի նախկին զինծառայող, Արտյոմ Սահակյան ԼՂՀՊԲ N զորամասի նախկին զինծառայող:









