Սփյուռքահայ երիտասարդները կծանոթանան ՀՀ-ի ներքին և արտաքին քաղաքականությանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 10:00-ին, ԵՊՀ Մշակույթի կենտրոնի հանդիսությունների դահլիճում տեղի կունենա ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոցի շրջանակներում կազմակերպվող «Սփյուռքահայ երիտասարդ առաջնորդների դասընթաց»-ի և «Սփյուռքի լրագրողների դասընթաց»-ի բացումը:
Ինչպես տեղեկացնում են Սփյուռքի նախարարության լրատվական ծառայությունից, դասընթացներին մասնակցության նպատակով Հայաստան կժամանի 15 երկրի շուրջ 50 մասնակից (հասցե` Ա. Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 6-րդ հարկ):
Ողջույնի խոսքով հանդես կգա ՀՀ սփյուռքի նախարար Հ.Հակոբյանը, ԵՊՀ ռեկտոր Ա.Սիմոնյանը և այլ պաշտոնատար անձինք, մշակութային գործիչներ:
Դասընթացները կշարունակվեն երկու շաբաթ և կանցկացվեն հայերենով:
«Երիտասարդ առաջնորդների դասընթաց»-ի նպատակն է Սփյուռքի հայ երիտասարդ առաջնորդների համար ստեղծել փոխադարձ ճանաչողության դաշտ, կապվել հայրենիքին, ծանոթացնել նախարարության համակարգին, ներքին և արտաքին քաղաքականության առանձնահատկություններին, կազմակերպել հանդիպումներ պետական իշխանության համակարգի ներկայացուցիչների, ԶԼՄ-ների հետ, մշակել հետագա համագործակցության ձևեր և միջոցներ:
«Սփյուռքի լրագրողների դասընթաց»-ին Սփյուռքի լրագրողները հնարավորություն կունենան տեսական և գործնական գիտելիքներ ստանալ Հայաստանի և Սփյուռքի ճանաչված և բազմափորձ լրագրողներից, պետական-հասարակական գործիչներից, ծանոթանալ Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական հիմնախնդիրներին, ներկա լինել համահայկական նշանակության խնդիրներին նվիրված դասախոսությունների:
Դասընթացների մասնակիցների համար կկազմակերպվեն մշակութային միջոցառումներ, այցելություններ Հայաստանի պատմական ու տեսարժան վայրեր, հանդիպումներ պետական, հասարակական, մշակույթի գործիչների հետ:









