Սփյուռքի մեր հայրենակիցներն իրենց թիկունքում պետք է զգան հայրենիքի շունչն ու հայի ոգին. Հրանուշ Հակոբյան
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր ընդունել է «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի «Պարարվեստի օրեր» ծրագրի մասնակիցներին:
Նախարարը, ողջունելով հյուրերին, ներկայացրել է նախարարության ծրագրերը և նշել. «Նախարարության ծրագրերի իրականացման հիմնական խնդիրն այն է, որ սփյուռքի մեր հայրենակիցները գալով Հայրենիք և մասնակցելով այդ ծրագրերին, համայնք վերադառնալիս իրենց թիկունքում զգան Հայրենիքի շունչը և մշտարթուն հայի ոգին»:
Նա նշել է նաև, որ «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի վերաբերյալ պատրաստվելու է ֆիլմ:
Հանդիպման ընթացքում հյուրերը կիսվել են իրենց տպավորություններով, հանդես եկել առաջարկություններով: Լատվիայի խմբի ղեկավարը նշել է, որ իրենց պարախմբում կան նաև ազգությամբ ոչ հայեր:









