Վահրամ Սահակյանը որպես հարցի լուծում առաջարկում է գնդակահարել բոլոր պաշտոնյաներին
Գրող, դրամատուրգ Վահրամ Սահակյանը պատռել է իր անձնագիրը և շպրտել ԱԺ-ի գլխին: Այս մասին նա այսօր հայտարարեց լրագրողների հետ հանդիպմանը և նշեց, որ այս երկրում այլևս ապրելու իմաստ չունի:
«Մեր պաշտոնյաներից ոչ մեկին չարժե ծեծել, դա հարցի լուծում չէ: Գնդակահարությունը հարցի լուծում է ու պետք է բոլորին գնդակահարել»,-ասաց նա:
«Հարսնաքարի» դեպքերը Վահրամ Սահակյանը հետևանք է համարում նրա, որ Գագիկ Բեգլարյանը պատվիրեց մարդ ծեծել ու մնաց անպատիժ:
«Եթե Գագիկ Բեգլարյանին չբռնեցին, հետո կարող էր լինել «Գերմանացի Ռուբենը», հետո «Հոլանդացի Արթուրը»: Եթե երկրում չկա պատիժ, ուրեմն կարելի է բոլորին ծեծել: Սերժ Սարգսյանը մեղավոր է, որ ժամանակին Գագիկին չբռնեց»,- ասաց նա:
Վահրամ Սահակյանը միաժամանակ նշեց, որ ինքը Լևոն Տեր-Պետրոսյանին դավաճան է համարում, իսկ Սերժ Սարգսյանը գոնե գլուխ ունի ու գիրք է կարդում: Լրագրողի հարցին, թե արդյո՞ք ինքը տեղյակ է, թե Սերժ Սարգսյանը ինչ է կարդում, նա պատասխանեց՝ Վահրամ Սահակյանի գրքերից:
Նա նշեց, որ ինքը այլևս պայքարելու ուժ չունի, մի փոքր հոգնել է:
Վահրամ Սահակյանը լրագրողների խնդրանքով անդրադարձավ նաև «Հարսնաքարի» դեպքերի շուրջ իր ավել վաղ արած հայտարարությանը, թե «լավ են արել, որ ծեծել են»:
«Առավոտ զանգում ա, ինչ-որ am-ի լրագրող ու ասում ա. «Ի՞նչ կարծիք ունեք, որ սպորտային շորերով մարդիկ մտան ու անվտանգության աշխատակիցները ծեծեցին: Ես կարծեցի, թե ազգային անվտանգության ծառայություն են մտել: Չհասկացա ինչի մասին ա խոսքը, ասեցի լավ են արել: Հետո, երբ հասկացա, հետ զանգեցի»,- արդարացավ նա:
Լուսանկարը՝ Panarmenian Photo–ի









