Ferrari-ի ամենաարագ սերիական մոդելը ավելի էժան և տնտեսող է դարձել (լուսանկարներ)

00:58 • 10.07.12

Ferrari-ի պատմության մեջ ամենաարագ սերիական մոդելի գնի վերաբերյալ տեղեկություններ են հայտնվել համացանցում: Սուպերմեքենայի իտալական գնորդները 740 ձիաուժ հզորությամբ Ferrari F12Berlinetta-ի համար կվճարեն 274 հազար եվրո, և դա առանց հարկերի և համալրումների, հաղորդում է Autoedizione պորտալը:



Վերջերս ներկայացված Ferrari F12Berlinetta սուպերմեքենան 599 GTB Fiorano-ի հետնորդն է համարվում և համարվում է ընդհանուր օգտագործման ճանապարհների համար ստեղծված ամենահզոր և արագընթաց Ferrari-ն:


Սուպերմեքենան 12 գլանային 6.3լ աշխատանքային ծավալով և 740 ձիաուժ հզորությամբ շարժիչ ունի, երկու կցորդիչներով ռոբոտացված փոխանցումատուփի համադրությամբ: Տեղից 100 կմ/ժ արագության հասնում է 3,1 վայրկյանում, իսկ 200կմ/ժ արագության հասնելու համար ընդամենը 8,5 վայրկյան է պահանջվում:
 

Իտալիայում F12Berlinetta-ի գինը սկսվում է 274 հազար եվրոյից, սակայն հասանելի համալրումների և այլ վճարումների հետ միասին գինը կարող է հասնել 369 589 եվրոյի: Համալրումների շարքում առկա է վառելիքի տնտեսման HELE համակարգը:
Նման գնային առաջարկով Ferrari F12Berlinetta-ն ավելի մատչելի է դարձել, քան այն սուպերմեքենան, որին փոխարինելու է կոչված F12-ը:



Գները հրապարակած կայքը պնդում է, որ նման գնային քաղաքականության շնորհիվ իտալացիները երկար տարիներ ապահովված կլինեն մեքենայի գնման պատվերներով:



Պետք է նշել, որ չնայած տպավորիչ արագացման ու հզորության ցուցանիշներին, F12Berlinetta-ն առանձնանում է իր վառելիքի տնտեսման բավական լավ հատկություններով:



Պաշտոնական տվյալներով, «ընթացք-կանգ» համակարգով սուպերմեքենան 100կմ ճանապարհ անցնելու համար միայն 15լ բենզին է ծախսում, ինչը իր նախորդի ծախսից 30%-ով քիչ է: