Աշնանը Ֆրանսիայում սկսվելու են Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկումները

09:46 • 10.07.12

Ֆրանսիան պատրաստվում է Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծը քննարկման դնել աշնանը, տեղեկացնում է «Ֆրանս պրես» գործակալությունը:


Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Ֆրանկ Փափազյանը գործակալությանը տեղեկացրել է, որ նախագահ Ֆրանսուա Օլանդը պատրաստվում է աշնան երկրորդ կեսին սկսել օրինագծի քննարկումը, որը կներկայացվի կառավարության կողմից:


Օլանդը օրերս վերահաստատել էր Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնելու իր մտադրությունը: Նախագահական նստավայրից հայտարարել էին, որ Օլանդն իր նախընտրական քարոզարշավի ընթացքում արտահայտել է իր դիրքորոշումը և հավատարիմ կմնա դրան:

«Մենք պետք է գտնենք մի ճանապարհ, որը նոր նախագծի տեքստը համապատասխան կդարձնի Սահամանադրությանը»,- հայտարարել էին Ելիսեյան պալատից:


Ավելի վաղ, նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին զայրացրել էր պաշտոնական Անկարային, սատարելով հայամետ օրինագծին: Դրա` Սենատի կողմից ընդունումից հետո Անկարա-Փարիզ հարաբերությունները սրվել էին:


Սակայն Ֆրանսիայի Սահմանադիր խորհուրդը փետրվարին չեղյալ էր համարել ընդունված օրինագիծը, պատճառաբանելով, որ դա ոտնահարում է  խոսքի ազատության իրավունքը: Անկարայի իշխանությունը ողջունել էր Սահմանադիր խորհրդի այս քայլը: