Հայկական կինոն չի մահացել, բայց պրոֆեսիոնալ կինո քիչ է նկարահանվում. Արմեն Պետրոսյան

14:22 • 13.07.12

Հայաստանի կասկադյորների ազգային ասոցիացիայի հիմնադիր նախագահ Արմեն Պետրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն առանց անուններ տալու հակադարձեց որոշ արվեստագետների այն հայտարարություններին, թե հայկական կինոն մահացել է:


«Սեփական մահը չի կարելի կապել հայկական կինոյի մահվան հետ»,- ասաց նա և ավելացրեց. «Ցավոք պրոֆեսիոնալ կինո շատ քիչ է նկարահանվում»:


Ըստ Արմեն Պետրոսյանի՝ կինոյի ոլորտում արդեն աշխուժացում նկատվում է, որի մեջ ներգրաված է նաև ՀՀ կինոյի ազգային կենտրոնը:


«Մեր կասկադյորները ոչ միայն ներսի, այլ նաև դրսից եկած խմբերի հետ են սերտ աշխատում»,-ասաց նա և խոսեց վերջին՝ ռուսական ֆիլմից:


«Եզրափակող մարտաֆիլմը եղել է ռուսական «Հրաձիգ» ֆիլմը, որտեղ ճանաչված դերասաններ էին խաղում, իսկ ֆիլմի 90% -ը նկարահանվել է Հայաստանում, որի աշխատող խմբի 99%-ը հայեր էին»,- նշեց և ավելացրեց, որ ֆիլմի ռեժիսորը Արման Գևորգյանն էր:


Արմեն Պետրոսյանը հրաժարվեց կասկադյորների ծառայության արժեքից խոսել: «Վճարը կախված է հնարքի բարդությունից, տեղանքից, օրվա ժամից, թե ինչ բյուջեով է նկարահանվում և ովքեր կան այդտեղ ներգրավված»,- ասաց նա։


Սակայն դա, ըստ նրա, չի խանգարում իրենց օգնել շատ երիտասարդների ֆիլմերում նրանց անվճար ներգրավվելու համար:


Ըստ Պետրոսյանի՝ նրանք, ովքեր ցանկանում են ընդգրկվել ասոցիացիայում, պետք է ունենան սպորտի վարպետության թեկնածուի աստիճան, համապատասխանեն տվյալ խմբի մտածելակերպին և «ամենաշատը ցանկություն ունենան և ռոմանտիկ լինեն՝ գիտակցելով, որ մի օր իրենց ոսկորն անպայման կոտրվելու է»:


Կասկադյորը դեմ չի ոչ միայն կինոյում, այլ նաև հեռուստատեսային նախագծերում նկարահանվել՝ հաշվի առնելով միջազգային փորձը նկարելու նման բարձր վարկանիշով հաղորդումներ, ինչպիսին էր օրինակ, «Գոյատևել ամեն գնով » հաղորդումը:


Արմեն Պետրոսյանը նույնիսկ այսպիսի հաղորդումների երեք սցենար է պատրաստել և դիմել հեռուստատեսություններ:
«Երեք պատրաստի սցենար ունենք, հաշվարկած մի ամբողջ էքստրեմալ ուղղվածության ծրագրերի, սակայն հովանավորներ չենք գտել: Նման ուսուցողական և դիտարժան հաղորդում գործարարներին և հեռուստաընկերություներն ուզում են գումար գա, բայց կապ չունի որտեղից: Նրանք իմիջի մասին չեն մտածում, այդ պատճառով էլ նույն պահածոյացված դեմքերն են. չի կարելի՝ նոր շունչ է պետք մտցնել»,- ասաց նա:


Հայաստանի կասկադյորների ազգային ասոցիացիայի անդամներն ըստ նրա, թեև մշտապես ընդգրկված չեն իրենց սիրելի զբաղմունքով, սակայն Արմեն Պետրոսյանը հավատացնում է, որ նրանք ընդգրկված չեն թիկնապահական գործում:


«Հայաստանում ներգրավվածությունը շատ չէ, որ վաստակեն իրեն հացը, մեր ընտանիքի անդամները երջանիկ կլինեն զբաղվեն միայն սիրած գործում, բայց դրանից բացի մեկը մարզիչ է, մյուսն անվտանգության ծառայությունում է ,մյուսը բջջային կապում և այլն»,-ասաց նա: