Հարակիրի՝ Հոլոքոստին. Սերժ Թանկյանը ներկայացրել է նոր տեսահոլովակը (տեսանյութ)

12:13 • 13.07.12

Աշխարհահռչակ ամերիկահայ երաժիշտ Սերժ Թանկյանի նոր «Հարակիրի» ալբոմի երգերից մեկի՝ «Կորզված արցունքներ» (Օccupied Tears) ստեղծագործության տեսահոլովակը հասանելի է YouTube կայքում: Այս մասին Facebook սոցկայքի իր էջում համապատասխան գրառում է արել ինքը՝ Թանկյանը:

Օccupied Tears-ը շոշափում է «Հոլոքոստի» թեման: Հոլոքոստ («Ողջակիզում») են անվանում մասնավորապես հրեաների ցեղասպանությունը, սակայն ամերիկյան իրականության մեջ, գիտական շրջանակներում ևս նույն եզրույթով բնութագրվում է նաև հայոց ցեղասպանությունը: Հայտնի է, օրինակ, անվանի պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանի «Հայկական Հոլոքոստ» (The Armenian Holocaust, 1980թ,) վերնագրով աշխատությունը: Ըստ այդմ՝ Թանկյանի գործը, պետք է կարծել, միայն նեղ իմաստով հոլոքոստին չէ, որ վերաբերում է և ոչ էլ զուտ Հայոց ցեղասպանությունն է ակնարկում: Երգից պարզ է դառնում, որ խոսքն առհասարակ ցեղասպանությունների դեմ է: Եվ ոչ այնքան քաղաքականության, որքան փիլիսոփայության դիրքերից:

 

Երգում Թանկյանը իրեն հատուկ բանաստեղծականությամբ մասնավորապես հիշեցնում է «հոլոքոստի» սարսափները, քննադատում ռազմատենչությունը, հաստատում, որ մարդկությունը չի մոռացել ոչինչ ու հռետորական հարցադրում անում. «Հոլոքոստ, ո՞նց կարելի է ևս մեկ մանչից արտասուք կորզել»: Թանկյանը շեշտում է, որ նման բաները, ոչ թե «առեղծված են, այլ տառապանք» (անգլերեն՝ misery-mystery) բառախաղով:

 

Ավելի պատկերավոր կարելի է ասել, որ Թանկյանը հարակիրիի է ենթարկել հոլոքոստ-ցեղասպանություն երևույթը՝ արվեստի ընձեռած արտահայտչամիջոցներով: 

 

Տեսահոլովակը անիմացիոն է, որոշ դրվագներում համակարգչային խաղ է հիշեցնում և գրեթե հիմնականում երգի խոսքերի պատկերավորումն է: Լավատեսական սյուժեում հալածվող աղջնակին ի վերջո, կարծես հաջողվում է խույս տալ իրեն հետապնդող վարդագույն տանկի՝ բառի բուն և փոխաբերական իմաստներով վառ խորհրդանիշից:


 </p>