Ռաֆայել Քոթանջյանը թեթևացած շունչ է քաշել, երբ սերիալում իրեն խեղդել են
Հեռուստատեսությունը սահմաններ չունի, նաև` սերիալները, և այդ իսկ պատճառով դրանք արդեն սկսել են վտանգել նաև Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Հայաստանի ժողովրդական դերասան Ռաֆայել Քոթանջյանը։
Նա բերեց արտերկրում բնակվող իր ընկերների օրինակը, ովքեր դիտելով հայաստանյան սերիալները սկսել են զգուշանալ իրենց երեխաներին միայնակ Հայաստան ուղարկելուց.«Ասում են, այդտեղ «քիդնեփինգ» (երեխաների առևանգում - Tert.am) կա, «նո՛»՝ վտանգավոր է»,- տեղեկացրեց դերասանը՝ հավելելով, որ եթե իրեն հայտնի է իր ընկերների երեխաների օրինակը, ապա այդպիսի տպավորություն կարող են ունենալ հարյուր-հազարավորները:
Դերասանը վստահ է, որ ինչպես Արևելյան Եվրոպայի շատ երկրներ «անցան այդ ճանապարհը», մենք էլ կհաղթահարենք սերիալները, բայցև ասաց՝ դանդաղում ենք և այդ ճանապարհին սերունդ ենք կորցնում: «Մի քանի երեխաներ, օրինակ, հարցերին պատասխանել են, որ ուզում են դառնալ «ախրաննիկ» ու «օլիգարխ»»,-նկատեց նա:
Հիշեցնենք, որ դերասանն ինքը խաղում էր Գոռ Վարդանյանի «Վրիժառուն» կրիմինալ հեռուստասերիալում: Եվ, կանխատեսելով լրագրողների հարցը, թե ինչո՞ւ է սերիալների դեմ արտահայտվում, երբ ինքը դեր է ունեցել սերիալներից մեկում, արտիստը պատմեց, թե ինչպես է տեղի ունեցել, երբ ինքը համաձայնել է և Գոռ Վարդանյանն էլ նկարահանել է այդ ֆիլմը:
«Ինձ Գոռ Վարդանյանը դիմեց, ես իրեն չեմ մերժել, որովհետև իր պատերազմական ֆիլմը տեսնելով, շատ էի հարգում իրեն, պատերազմական ֆիլմում որոշեցի մասնակցել, ի՞նչ իմանայի, որ իրեն այնպիսի առաջարկություն են արել, որից չէր կարող հրաժարվել: «Կնքահայրը» ֆիլմի դիմաց այնպիսի գումար էին տվել, որ համաձայնեց այն սերիալ դարձնել, բայց, ցավոք սրտի, պատրաստ չէր այդ ֆիլմը դարձնել սերիալ»,-ասաց դերասանը։
«Ստացվել է «վատ տանտիրուհու» տարբերակը: Այսինքն՝ խաշի սպասում են չորս հոգու, գալիս են ութը կամ տասնվեցը: Տանտիրուհին ի՞նչ է անում, ջուր է լցնում, ճի՞շտ է: Հաճախ էն ջուրն է լցնում, որ տանը կա: Եվ դա հասկանալի է»,– ավելացրեց նա:
Սերիալի շարունակության մեջ նկարահանման հարցում իր համաձայնությունը տված դերասանը թեթևացած շունչ է քաշել, երբ իրեն, ըստ ֆիլմի սցենարի, խեղդել են, ինչը հնարավորություն է տվել արտիստին այլևս չմասնակցել նկարահանումներին:
«Ու որոշեցի այսուհետ հանդես գալ այն ֆիլմերում, որոնք իմ հոգեբանական վիճակը չեն հաղթահարում»,- բացատրեց Ռաֆայել Քոթանջյանը:
Ռուսական «Կոմսուհի դե Մոնսորո» և ուկրաինական «Ռոքսաննա» բազմասերիանոց ֆիլմերում խաղացած դերասանը նշեց, որ մեկ տարբերություն կա սերիալի և բազմասերիանոց ֆիլմի միջև, քանի որ, եթե առաջինի դեպքում հեղինակը երրորդ սերիայից հետո չգիտի ինչ է լինելու հերոսների հետ (այսինքն՝ սցենարը գրվում է հընթացս - Tert.am), ապա հեռուստատեսային ֆիլմերում՝ գիտի նախապես, ինչը դերասանին հնարավորություն է տալիս աստիճանաբար զարգացնել կերտվող կերպարը:










