«Հայկական ռապսոդիա» ֆիլմը Բրիտանական խորհրդի հատուկ մրցանակակիրն է
«Ոսկե Ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» ծրագրում ներկայացված «Հայկական ռապսոդիա» ֆիլմը Բրիտանական խորհրդի հատուկ մրցանակի է արժանացել:
Ինչպես տեղեկացնում են «Ոսկե Ծիրան»-ի լրատվական ծառայությունից, Հայաստանի մասին պատմող սփյուռքահայ երիտասարդների նկարահանած ֆիլմը կցուցադրվի Միացյալ Թագավորությունում անցկացվող Sheffield Doc/Fest 2013 թվականի փառատոնին:
Sheffield Doc/Fest-ը վավերագրական կինոարվեստի ճանաչված փառատոներից է, որ յուրաքանչյուր տարի իր շուրջն է համախմբում վավերագրական կինոյի լավագույն ներկայացուցիչներին` քննարկելու և ներկայացնելու տարվա ընթացքում ստեղծված աշխատանքները:
1994 թվականից ի վեր անցկացվող փառատոնը միայն ֆիլմերի ցուցադրման վայր չէ, այլ կրթական և համագործակցային հնարավորությունների ստեղծման միջազգային հարթակ:
«Հայկական ռապսոդիա» վավերագրական ֆիլմը Բրիազիլիան ներկայացնող երեք հայ ռեժիսորների համատեղ աշխատանքն է: Սա Կասիանա Տեր-Հարությունյանի, Սեզար Կանանյանի և Գարի Կանանյանի առաջին լիամետրաժ ֆիլմն է:
Կասիանա Տեր-Հարությունյանը Folha de Sao Paulo-ի Serafina հանդեսի ֆոտոխմբագիրն է, Սեզար Կանանյանը 2010-ին հիմնել է իր Filmdesign կինոընկերությունը, իսկ Գարի Կանանյանն այժմ աշխատում է իր երկրորդ կինոնախագծի վրա:
«Սփյուռքահայ երիտասարդ ռեժիսրոներին հաջողվել է արտացոլել Հայաստանն իր հարուստ գունապնակով: Ֆիլմը հարուստ է կերպարներով և նրանցից յուրաքանչյուրը պատմում է իր Հայաստանի մասին` իր գույներով ու բացառիկությամբ»,- ասել է Բրիտանական խորհրդի ծրագրերի ղեկավար Նարեկ Թովմասյանը:
Հեղինակներն իրենց ֆիլմը բնորոշել են որպես «ճանապարհային», որի հերոսների պատմությունները միաձուլելով, կերտում են մեկ ընդհանուր` Հայաստանի պատմությունը:
«Ոսկե Ծիրան» կինոփառատոնին ֆիլմն արժանացել է նաև «Լավագույն հայկական վավերագրական ֆիլմ» մրցանակին:










