Քաղաքապետի արձագանքը չուշացավ՝ ասֆալտապատվում է Լենինգրադյանի չարաբաստիկ փոսը (լուսանկարներ, տեսանյութ)
Լենինգրադյան փողոցում այս պահին ակտիվ ասֆալտապատման աշխատանքներ են ընթանում:
Ինչպես Tert.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 2 ժամ առաջ՝ Tert.am-ի հրապարակումից հետո, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականով, սկսվել են Լենինգրադյան 34 շենքի դիմաց գտնվող երկայնական փոսի ասֆալտապատման աշխատանքները:
Ինչպես ֆոտոլրագրողին տեղում հայտնել է Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը, ով վերահսկում է կատարվող աշխատանքները, 10 օրվա ընթացքում Լենինգրադյան փողոցի տեսքը ամբողջությամբ փոխվելու է, արդեն իսկ ավարտվել է եզրաքարերի տեղադրման աշխատանքները, կապիտալ նորոգվել են ջրահեռացման համակարգերը, հարթեցվել առաջացած փոսերն ու գոգավորությունները, շարունակությունը փողոցի ամբողջական՝ կապիտալ ասֆալտապատումն է լինելու:
Ինչպես ավելի վաղ Tert.am-ին հայտնել էր Գ. Շամշյանը, ով հատուկ ուշադրություն է դարձնում Երևանի և Հայաստանի մարզերի խնդիրներին, իր ֆոտոխցիկով հերթական աղաղակող փնթիությունն էր արձանագրել մայրաքաղաքի Լենինգրադյան փողոցում: Ֆոտոլրագրողը, արձագանքելով բնակիչների ահազանգ-խնդրանքներին` Լենինգրադյան փողոցում զրուցել էր 34 և մերձակա մի քանի շենքերի բնակիչների հետ:
Վերջիններս Գագիկ Շամշյանին զայրացած ներկայացրել էին փողոցը հատող կիսալցված փոսը, որի շինարարական աշխատանքները սկսվել են գրեթե 2 ամիս առաջ ու մինչ օրս չեն ավարտվել: Ըստ բնակիչների` ամեն երեկո այս տարածքում արձանագրվում էին ավտովթարներ, վտանգված էր երթևեկությունը թե՛ մեքենաների և թե՛ հետիոտների համար:
Կիսալցված փոսին զուգահեռ գրեթե անտեսանելի հետիոտնի անցման գծանշումներն էին:
Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ բնակիչները ցույց տալով մոտակայքում կայանված քարշակ մեքենան (էվակուատոր)՝ ասել են հետևյալը. «Շամշյան ջան, էս էվակուատորը գիշերները լավ գործ ա անում՝ փոսի պատճառով ջարդված կամ վթարի ենթարկված ավտոներ տեղափոխելով»:
Բնակիչները պատմել էին նաև, որ բացի վերը նշվածից, փողոցում մեծ խցանումներ էին առաջանում, երբ մեքենաները դանդաղ «մանյովրելով» փորձում էին զգուշությամբ անցնել, կամ անգամ հանդիպակաց գոտի դուրս գալով շրջանցել չարաբաստիկ «խրամատ»-ը:
Գագիկ Շամշյանը նշել էր նաև, որ այդ հատվածով անցնող շտապ օգնության մեքենաները թանկարժեք րոպեներ են կորցնում ուշանալով կանչերից, կամ հիվանդին առաջին օգնության հնարավորությունից: Հավաքված բնակիչները ֆոտոլրագրողին հայտնել էին, որ հիմա վստահ են, որ չարաբաստիկ փոսը շատ շուտով կվերանա:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի









