Խնդրում և հորդորում ենք լուրերն ապահովել սուրդո թարգմանությամբ. Արմեն Ալավերդյան
Հաշմանդամության թեման հայկական հեռուստաեթերում շարունակում է մնալ խնդրահարույց. նման եզրահանգման է եկել «Ունիսոն» հասարակական կազմակերպությունը՝ 2012 փետրվար-մայիս ամիսներին անցկացրած հեռուստամոնիթորինգի արդյունքում։
Մոնիթորինգի արդյունքներն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրեց «Ունիսոն» ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանը, իսկ մինչ ներկայացնելը, նա լրագրողներին խնդրեց մեկ տեսանյութ դիտել, որն, ի դեպ, ձայն չուներ, փոխարենը, նյութի տակ վազող տողով ներկայացվում էր ասելիքը:
Տեսանյութը դիտելուց հետո, Արմեն Ալավերդյանը լրագրողներին խնդրեց ասել, թե ինչի՞ մասին է տեսանյութը, վերջիններս էլ փորձեցին գուշակել:
«Նման ձևով մենք ուզում ենք ձեզ փոխանցել այն, ինչ ստիպված են գուշակել լսողության հետ խնդիրներ ունեցող շուրջ 6000 անձինք՝ ամեն օր միացնելով հեռուստացույցը: Կադրերը, կարծես թե, հետաքրքիր են, բայց ինֆորմացիան լիարժեք չէ»,-ասաց նա և ավելացրեց. «Խնդրում և հորդորում ենք գոնե լուրերի հարցը լուծել՝ ապահովելով սուրդո թարգմանություն»:
Ըստ նրա, հայկական հեռուստաեթերից, ընդամենը, երկու հեռուստաալիքի երկու հաղորդումներ են, որ ուղեկցվում են սուրդո թարգմանությամբ՝ «Կենտրոն» հեռուստաընկերության լուրերը և «ԱՐ»-ի մանկական մեկ հաղորդում:
Նա պարզաբանեց, որ լուրերում վազող տողերը չեն օգնում, քանի որ նախ, ըստ նրա, շատերը կարդալ չգիտեն և հետո դրանք չափազանց արագ են անցնում, ինչը կարդալու հնարավորություն չի տալիս: Բացի այդ, տեքստը հիմնականում չի համընկնում ցուցադրվող կադրերի հետ:
«Կադրում երևում է, որ նախագահը հանդիպում է ունեցել, բայց վազող տողով ուրիշ տեքստ է գրվում»,-ասաց նա և խորհուրդ տվեց, եթե այդքան դժվար է սուրդո թարգմանություն ապահովելը, ապա գոնե պետք է հետևել ռուսական ORT հեռուստաընկերության լուրերի օրինակին, որտեղ վազող տողը երկար չի, և կարճ մեջբերումներով հասկանալի է լինում, թե ինչի մասին է խոսքը:
Արմեն Ալավերդյանը նշեց, որ մոնիթորրինգի շեշտը դրվել է ոչ միայն հաշմանդամների հետ կապված նյութերի վրա, այլ ցանկացած նյութ, որը կարող է առնչվել այս խնդրի հետ: Ըստ նրա՝ այս վերլուծությունն ի հայտ է բերել մի շարք խնդիրներ. սխալ տերմինաբանություն, ոչ ճշգրիտ վիճակագրություն, տեսանյութերում խոսքի և կադրի անհամապատասխանություն, հաշմանդամների հանդեպ խղճահարության առաջացման կամ ընդհակառակը՝ «հերոսացման» միտում:
Նա, առանց հեռուստաընկերությունների և հաղորդումների կոնկրետ անուններ նշելու, մանրամասնեց, որ մոնիթորնիգի ժամանակաշրջանն իզուր չի ընտրվել, այն է՝ փետրվարից մայիս ընկած ժամանակահատվածը, քանի որ չէին կարող ընտրություններն անտեսել:
«Ընտրություններին հաշմանդամների թեման ներկայացվեց բավականին լղոզված, գրեթե բացակայում էր հաշմանդամների թեման: Եթե կար, ապա PR-ի համար էր: Ոչ մի քաղաքական ուժ չխոսեց հաշմանդամների խնդիրներից, միայն կոմունիստները կադրեր էին ցուցադրել, որը ավելի լավ էր չցուցադրեին»,-ասաց նա:
ՀԿ-ի նախագահը սակայն նկատեց, որ ԿԸՀ-ի կողմից չտեսնողների համար մշակված ուղեցույցը, նաև անիմացիոն ուսումնական հոլովակը, ապահովված էր սուրդո թարգմանությամբ:
Արմեն Ալավերդյանը նաև խոսեց սերիալներից՝ նշելով, որ այստեղ օրինաչափություն է դարձել, որ անպայման սերիալի հերոսները հաշմանդամ են դառնում, որոնք անմիջապես ներկայացվում են չարացած, ագրեսիվ, իսկ վերջում անպայման նրանք իրենց մեջ կամքի ուժ են գտնում և վեր կենում:
«172. 000 հաշմանդամներ վատը չեն կարող լինել: Ըստ սերիալների սցենարիստների, նրանք, ովքեր ոտքի չեն կանգնել, օրինակ ես, ուրեմն կամքի ուժ չունե՞ն»,- հարցրեց նա:
Այնուհետև Արմեն Ալավերդյանը խոսեց այն բացթողումներից, որոնք ներկայացվում են, ինչպես օրինակ, թոք շոուի ժամանակ հնչում են նման արտահայտություններ՝ «Ես եմ ինձ պահում, հոմ կալյասկի վրա չեմ, որ ինձ չկարամ պահեմ», կամ էլ նման կարծիք է հյուրի կողմից հնչում հաշմանդամ երեխայի հասցեին՝ «Մենք հո հիվանդ կիսաֆաբրիկատ երեխա պահող չենք»: ՀԿ նախագահը նշում է, որ նման տեսակետներից հետո հաղոդավարը չի ուղղում իր սխալը:
Ալավերդյանը շարունակեց ներկայացնել ցանկը և նշեց, որ հաղորդումներից մեկի ժամանակ ասվել է՝ «Այս տարածքը զբաղեցնում են առողջները, մյուսը՝ հաշմանդամները»: Վերջինս նկատում է. «Կարծես թե հաշմանդամը առողջ չի կարող լինել»:
Իբրև դրական միտում նա նշեց այն, որ հեռուստաեթերի 6-7%-ն առնչվում է հաշմանդամության թեմային: Արմեն Ալավերդյանը միաժամանակ նկատեց, որ պետք է խուսափել սխալ տերմին օգտագործելուց, այսպես՝ օգտագործել ոչ թե «հաշմանդամ մարդ», այլ պարզապես, «հաշմանդամ» բառը, որն, ըստ նրա, կարգավիճակ է և չի վիրավորում անձին:









