ՀՀ փոխվարչապետն Իրանի փոխնախագահի հետ քննարկել է Արաքսի ջրերի օգտագործման հարցը
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի տեղակալ, Բնապահպանական կազմակերպության նախագահ Մոհամմադ Ջավադ Մոհամմադիզադեհի գլխավորած պատվիրակությանը:
Ըստ ՏԿՆ նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության՝ փոխվարչապետը նշել է, որ վերջին տարիներին Հայաստանի եւ Իրանի միջեւ հարաբերությունները դինամիկ զարգանում են:
Արմեն Գեւորգյանն ընդգծել է, որ Հայաստանը եւ Իրանն արդյունավետ համագործակցում են մի շարք ոլորտներում, եւ կարեւորել բնապահպանության ոլորտում տարածաշրջանային համագործակցության խթանումը, ինչպես նաեւ հարեւան երկրների հետ արժեքավոր էկոհամակարգերի պահպանության ոլորտում համատեղ ռազմավարության եւ միջոցառումների իրականացումը:
Իրանի փոխնախագահ Մոհամմադ Ջավադ Մոհամմադիզադեհը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և գոհունակություն հայտնել երկու երկրների միջեւ բարձր մակարդակի հարաբերություններից` նկատելով, որ մի շարք ոլորտներում դեռեւս առկա է համագործակցությունը խորացնելու մեծ ներուժ:
Հանդիպմանը, որին ներկա է եղել նաեւ ՀՀ բնապահպանության նախարար Ա. Հարությունյանը, քննարկվել են հարցեր` Իրանի և Հայաստանի ընդհանուր սահմանում Բարեկամության եւ խաղաղության այգի հիմնելու, Արաքս գետի ջրային ռեսուրսների օգտագործման, ջրի որակի բարելավման վերաբերյալ:
Արմեն Գեւորգյանը ողջունել է այգի հիմնելու գաղափարը՝ նշելով, որ այն բացի կենդանական եւ բուսական հատուկ պահպանվող տարածք լինելուց, կարող է լուրջ խթան հանդիսանալ էկոտուրզմի զարգացման համար:
Խոսելով Արաքս գետի ջրային ռեսուրսների աղտոտվածության խնդրի մասին, ՀՀ փոխվարչապետը նշել է, որ Հայաստանի համար ջրային ռեսուրսների մաքրության հարցը ռազմավարական նշանակություն ունի`ընդգծելով, որ հատկապես վերջին տարիներին բնապահպանական հիմնախնդիրները ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում են:
Անդրադարձ է կատարվել նաեւ ԻԻՀ-ում կոյուղաջրերի մաքրման կայանների առաջատար փորձին եւ այն Հայաստանում ներդնելու հնարավորությանը:
ՀՀ փոխվարչապետը տեղեկացրել է, որ «Սեւանա լճի բնապահպանական» ծրագրով Սեւանի ափամերձ տարածքներում կեղտաջրերի մեխանիկական մաքրման կայանների ծրագիր է իրականացվում, եւ իրանական փորձը հայկական կողմի համար կարող է հետաքրքիր լինել:
Հանդիպմանը քննարկվել են նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:









