Դաշտավան գյուղի բնակչուհին պնդում է, որ երկու տարեկան աղջնակը մահացել է բժիշկների անփութության պատճառով (ֆոտո, վիդեո)
Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանի Դաշտավան գյուղի բնակչուհի 36-ամյա Հասմիկ Հարությունյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, ՀՀ Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին, որպեսզի օբյեկտիվ և բազմակողմանի քննության առնվի իր դիմում-բողոքը:
Գ. Շամշյանի հետ զրույցում Հասմիկը հայտնել է, որ այս տարվա մայիսի 21-ին Երևանի թիվ 3 հիվանդանոցում մահացել է իր 1 տարեկան 11 ամսական աղջիկը՝ Մերի Մանգասարյանը:
Երեխան ապրիլի 28-ին՝ գիշերը ժամը 2-ի սահմաններում կտրուկ ջերմել է և նրա մոտ առաջացել է փսխոց, և ինքը ամուսնու հետ երեխային տեղափոխել են Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն (որի բազայում գործում է Մանկական շտապօգնության կլինիկական թիվ 3 հիվանդանոցը – Tert.am):
Այդ օրը նշված հիվանդանոցի հերթապահ բուժքույր Գոհար Հարությունյանը հրաժարվել է երեխային ընդունել հիվանդանոց՝ պատճառաբանելով, որ հիվանդանոցում կան թոքաբորբով և թոքախտով երեխաներ, և խորհուրդ է տվել ծնողներին, թե «Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի տեղը չգիտե՞ք, տարեք էնտեղ»:
Հասմիկը ֆոտոլրագրողի հետ զրույցում լացակումած պատմել է, որ, քանի որ իրենք մայրաքաղաքին լավ ծանոթ չեն, ստիպված երեխային հետ են բերել Մասիսի հիվանդանոց, սակայն տեսնելով, որ այստեղ էլ առաջընթաց չկա, երկու օր անց՝ գիշերը ժամը 3-ին, տեղափոխել են Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց: Երեխայի մայրը Գ. Շամշյանին պատմել է, որ Մասիսում երեխան անտարբերության է մատնվել և նրան բժիշկների կողմից անհրաժեշտ ուշադրություն չի դարձվել: Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց երեխան տեղափոխվել է ծայրահեղ ծանր վիճակում, և այստեղ արդեն խնդիրը երեխայի կյանքի համար պայքարելն էր:
Ի տարբերություն նախորդ երկու հիվանդանոցների, այստեղ երեխային ընդունել են հոգատարությամբ և ցուցաբերել պատշաճ վերաբերմունք: Այստեղ տրված ուղեգրով ավելի ուշ երեխան տեղափոխվել է 3-րդ մասի հիվանդանոց, որպեսզի նա համապատասխան սարքավորման (յամա) միջոցով հետազոտություն անցնի, և պարզվել է, որ հենց առաջին օրվանից երեխան պետք է պառկեր այդ հիվանդանոցում, ու այդ դեպքում հնարավոր կլիներ նման ցավալի ելքից խուսափել:
Երկար ժամանակ կոմայի մեջ մնալուց հետո՝ մայիսի 21-ին երեխան մահացել է:
Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ Հասմիկը իր ամուսնու երկրորդ կինն է, և Մերին իրենց համատեղ միակ զավակն էր: Բացի Մերին, ներկայում Հասմիկի խնամքի տակ են երկու տղաներ՝ 16-ամյա Վլադիմիրը և 15-ամյա Գոռը, ովքեր իր ամուսնու առաջին կնոջից են:
Հասմիկի ամուսինը վարորդ է, իսկ ինքը՝ Հասմիկը 16 տարի աշխատել է Արտակարգ իրավիճակների նախարարության համակարգում՝ որպես հեռախոսավար, և ներկայում էլ աշխատում է արագ արձագանքման 911 կենտրոնում:
Գ. Շամշյանը հայտնում է, որ Հասմիկի փոխանցմամբ՝ իրենց խնդիրն է ապահովել նշված դեպքի արդար և օբյեկտիվ քննություն: Եվ դա նրա պնդմամբ ավելի շատ արվում է ոչ թե մեղավորներին պատժելու, այլ հետագայում նմանօրինակ դեպքերը բացառելու նպատակով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի









