Էդվարդ Նալբանդյանն ընդունել է եվրոպական քաղաքական գործիչների

19:57 • 17.07.12

Հուլիսի 17-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարուսին, ԵԽ ու Բունդեստագի նախկին անդամ Հանս-Յուրգեն Զահորկային՝ «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության ղեկավար Մայքլ Քամբեքի ուղեկցությամբ:



Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից, նախարար Նալբանդյանը գոհունակություն է հայտնել Հայաստան-ԵՄ վերընթաց զարգացում ապրող համագործակցության կապակցությամբ` այս համատեքստում ընդգծելով միջխորհրդարանական շփումների նշանակությունը` որպես երկկողմ փոխգործակցության կարևոր ձևաչափ:

 

Հայաստանի արտգործնախարարը բարձր է գնահատել Էլենի Թեոխարուսի բազմամյա մարդասիրական գործունեությունը և հետևողական վերաբերմունքը հայ ժողովրդի համար կարևոր խնդիրների նկատմամբ:

 

Էդվարդ Նալբանդյանն ողջունել է եվրոպացի քաղաքական գործիչների մասնակցությունը Արցախի նախագահական ընտրությունների դիտորդական առաքելությանը՝ այն գնահատելով որպես իրականությանն առաջին ձեռքից
ծանոթանալու լավագույն հնարավորություն:

 

Հայաստանի արտգործնախարարը հյուրերին ներկայացրել է արցախյան հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումները: