Գագիկ Ծառուկյանի կայքը հակերային հարձակման է ենթարկվել ադրբեջանցիների կողմից

11:11 • 17.07.12

Հուլիսի 15-ի լույս 16-ի գիշերը, ժամը 02:00-03:00-ի սահմաններում, հակերային հարձակման փորձ է իրականացվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի անձնական՝ gagiktsarukyan.am կայքի վրա, այս մասին Tert.am-ի տեղակությունը հաստատեց ԲՀԿ առաջնորդի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը՝ նշելով, որ սա ադրբեջանցի հակերների ձեռքի գործն է:


«Մեր մասնագետին հաջողվել է կանխել հարձակումը: Այսինքն՝ կայքը չի կոտրվել և հիմա էլ բնականոն աշխատում է», -ասաց Իվետա Տոնոյանը՝ ավելացնելով, որ որևէ հատուկ նպատակ այս ակցիայի հետևում չեն տեսնում:


Ի պատասխան հարցին, թե ԲՀԿ պաշտոնական կայքի առկայության պայմաններում ո՞րն է Գագիկ Ծառուկյանի անձնական կայքի ստեղծման նպատակը, ԲՀԿ ղեկավարի մամուլի քարտուղարը նշեց, որ այն ավելի շատ ծառայում է գործնական նպատակների համար է և բաղկացած է միայն տեսանյութերից:

 

Այսինքն՝ եթե ինչ-որ մեկին պետք են ԲՀԿ-ի և Գագիկ Ծառուկյանի տեսանյութերը, դրանք հեշտությամբ կարող են գտնել gagiktsarukyan.am –ում: