Գազի գնի թանկացումով կթանկանա ամեն ինչ, այդ թվում և էլեկտրաէներգիան. Վահագն Խաչատրյան

21:07 • 17.07.12

Գազի գնի թանկացումով կթանկանա ամեն ինչ, թե՛ արդյունաբերությունը, թե՛ կենցաղը, և ամենակարևորը՝ էլեկտրաէնեգիրան: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքի անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը` պատասխանելով հարցին, թե ի՞նչ ազդեցություն կունենա գազի գնի թանկացումը բնակչության համար:

 

«Գազի գնի թանկացումը շատ մեծ վնաս կհասցնի մեր տնտեսությանը: Նախ արդյունաբերության վրա կազդի, կենցաղի, էլեկտրաէներգիան կթանկանա, ի վերջո, կյանքը կթանկանա»,- ասաց Վահագն Խաչատրյանը:

 

Վերջինս նշում է, որ Հայաստանը մինչ այս, գազը գնել է 1000 խմ մետրը 180 դոլարով, իսկ այժմ գազի գինը կհավասարվի 320 դոլարի, որն արդեն իսկ հավասարվում է համաշխարհային գներին:

 

«Այն ժամանակ Ռուսաստանը Հայաստանին ժամանակ էր տվել, որ կենսամակարդակը բարձրանա, և հետո նոր բարձրացնի գազի գինը, սակայն մեր իշխանությունները մսխել են այդ ժամանակն ու կենսամակարդակը չի բարձրացել»,- նշեց տնտեսագետը, ավելացնելով, որ հնարավոր է գազի գինը չփոխվի, եթե մենք կրկին ինչ-որ բան ունենանք վաճառելու Ռուսաստանին:

 

«Ես չեմ իմանում էլ ի՞նչ է մնացել. «Գույք՝ պարտքի դիմաց», հիշո՞ւմ ենք այդ առևտուրը, նման մի բան լինի, որ գազի գինը չթանկանա, սակայն ես դեռ չեմ իմանում՝ ի՞նչ է մնացել, որ վաճառենք Ռուսաստանին, մնացել են ՀՀ քաղաքացիները»,- նկատեց Վ. Խաչատրյանը:

 

Հարցին, թե հնարավո՞ր է հենց գազի գնի թանկացման միջոցով Ռուսաստանը իրականացնի Եվրասիական միության ձևավորման իր քաղաքականությունը՝ Հայաստանին մտցնելով այդ միության մեջ, վերջինս ասաց, որ հենց դա ամենից կարևորն է, ինչի մասին ոչ ոք չի բարձրաձայնում:

 

«Այսինքն, հենց դա է, որ տանում է ստրկացման, սովետի, այսինքն՝ մենք տալիս ենք մեր քաղաքացիներին, իսկ թե դա ինչպե՞ս տեղի կունենա՝ կապրենք կտեսնենք»,-եզրափակեց Վահագն Խաչատրյանը:

 
Նշենք, որ մամուլում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ Ռուսաստանից գնվող գազի գինը այս տարվա հոկտեմբերի 1-ից կդառնա 280 դոլար՝ ներկայիս 180-ի փոխարեն: 



Պաշտոնական հաստատում նշված գնի վերաբերյալ ո՛չ հայկական, ո;չ ռուսական կողմից առայժմ չկա: 

Tert.am-ի հարցմանն ի պատասխան՝ այսօր ՀՀ Էնեգետիկայի նախարարությունից եղավ այսպիսի պատասխան. «Ռուսական  «Գազպրոմ» ընկերության հետ շարունակվում են բանակցությունները Հայաստանին գազի մատակարարման գործընթացի շուրջ»: