«Քինգ դե լյուքսը» կվերսկսի գործադուլը. «թայմաութի» ժամկետը լրացել է
Կոտայքի մարզում գրանցված «Քինգ դե լյուքս» ընկերության վարորդներն ուրբաթ օրը, ամենայն հավանականությամբ, կվերսկսեն գործադուլը, այս մասին Tert.am-ին տեղեկացրեց ընկերության տնօրեն Արթուր Դալլաքյանը։Լ
«Ինձ տեղյակ են պահել, որ ուզում են ինչ-որ կտրուկ քայլերի էթան, մայրուղիների վրա չգիտեմ ինչով զբաղվեն (ավտոճանապարհը փակեն -Tert.am )»,- ասաց Արթուր Դալլաքյանը:
Հիշեցնենք, որ երբ նախորդ երկուշաբթի «Քինգ դե լյուքս» ընկերության շուրջ 100 վարորդներ գործադուլ էին անում՝ դժգոհելով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի անվճար երթուղիներից, որոնք գործում էին մի քանի ուղղություններով՝ Երևան-Աբովյան, Աբովյանի ներքաղաքային 5 և միջմարզային ուղղություններով, իրավիճակն անսպասելի հանգուցալուծում ստացավ, երբ ընկերությունը վարորդներին չորս օրվա դիզվառելիք տրամադրեց՝ «մինչև որ հարցերը լուծվեն»: Իսկ վարորդներն էլ ասել էին, որ խնդիրը լուծում չստանալու դեպքում, իրենք կանցնեն գործի, քանի որ իրենց «խոսքն էլ է գործ»:
Հիշեցնենք նաև, որ տրանսպորտային ընկերությունը պատկանում է Գագիկ Ծառուկյանի սանիկ Արթուր Հարությունյանին (հայտնի է «Պալաչ» մականվամբ)։ Ըստ մամուլի որոշ հրապարակումների՝ վերջինիս և ԲՀԿ առաջնորդի հարաբերությունները սրվել են ԱԺ ընտրությունների շրջանում:
Արթուր Դալլաքյանը նաև ասաց, որ հինգշաբթի «մի թեթև ասուլիս կտա» և լրագրողներին կներկայացնի այս պահին բարձրացվող հարցադրումները:
Նշենք, որ ԲՀԿ-ից՝ մի շարք տրանսպորտային կազմակերպությունների անունից, հայտարարել էին, որ պատրաստ են վարորդներին աշխատանքի ընդունել:
Տնօրենն ասաց, որ ինչպես և կանխատեսել էր՝ ոչ մի վարորդ չի դիմել։ «Վարորդները հասկանում են՝ ինչ ա, էս ընթացքում մի ընտանիք ա ստեղծվել, իրանք ո՞նց կարան ընդուվեն մի տեղ, որը վեց ամիս իրենց սնանկացրել է»,-ասաց «Քինգ դե լյուքսի» տնօրենը:









