Ոչ մի նոր բան այս արևի տակ չկա. Գուրգեն Եղիազարյան

13:10 • 17.07.12

Հայաստանի բնակչության մեջ կա մի տեսակ, որն ընդունակ է տարբեր «մահազդու քայլերի»՝ խոշտանգումների, դաժան սպանությունների, մասնատումների, սակայն սոցիումի այս հատվածի մոտ անասնական բնազդները սրվում են` պայմանավորված սոցիալական պայմաններով: Tert.am –ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանն՝ անդրադառնալով վերջին մի քանի օրերին Հայաստանում արձանագրված զարհուրելի սպանություններին:

 

«Այս արևի տակ ոչ մի նոր բան չկա, սպանությունները , այդ թվում՝ դաժան , միշտ էլ եղել են և կա վիճակագրություն, բայց, իհարկե, կա այն պրոբլեմը, որ դրանք սրվում են, երբ մարդկանց սոցիալական վիճակը վատանում է: Այսինքն՝ այն բոլոր քնած հիվանդությունները, որ կան մարդու ենթագիտակցության մեջ, այդ անասնածին բոլոր այլանդակությունները նոր բում են ապրում»,- ասաց Գուրգեն Եղիազարյանը:


Այսինքն, ըստ մեր զրուցակցի, դաժան սպանությունների վիճակագրության համար կարող է ներազդող գործոն դառնալ տվյալ հասարակության սոցիալական վիճակը. որքան ցածր է այդ նիշը, այնքան հանցագործությունների տոկոսը բարձրանում է:


Հիշեցնենք, երեկ 51-ամյա տղամարդը սպանել էր 76-ամյա թոշակառուին, մասնատել նրա դին, ապա նրա մարմինը տեղափոխել ու տեղավորել երկաթե տակառում: Գյումրիում էլ 13-ամյա աղջիկը դանակահարել էր մորը:


Ի պատասխան հարցի, թե վերոնշյալ դեպքերի շարքում կարելի՞ է դասել «Հարսնաքարի» դեպքը, Գուրգեն Եղիազարյանը նշեց.««Հարսնաքարի» սպանության պարագան ուրիշ է: Դրանում առկա է երկու գործոն՝ մաֆիայի ինքնահաստատումն ու մաֆիայի զինվորների՝ իրենց լափած թերմացքը»: