Աբովյան փողոցի նախկին կրպակների տեղում ստորգետնյա հասարակական զուգարան է կառուցվում

14:45 • 17.07.12

Աբովյան փողոցի նախկին կրպակների տեղում կառուցվում է ստորգետնյա զուգարան: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետ Արթուր Գևորգյանը:

 

Նա նշեց, որ տարածքի տրամադրման խնդիր չի եղել, քանի որ մասնավորը ցանկություն է հայտնել արդեն գոյություն ունեցող ստորգետնյա զուգարանը ամրացնել ու վերակառուցել։ 


«Մասնավորի հետ բանակցությունների արդյունքում եկել ենք ընդհանուր հայտարարի, որ տվյալ մասնավոր զուգարանը, դառնա հանրային օգտագործման: Այս պահին լուծվում է դրա վերակառուցման հարցը և ընդլայնվում է տարածքը»,- ասաց նա:

 

Արթուր Գևորգյանը վստահեցրեց, որ բացարձակապես իրականությանը չեն համապատասխանում այն տեղեկությունները, թե Աբովյան փողոցի այդ հատվածում սրճարան է կառուցվում:

 

Նա նաև նշեց, որ հարցի շուրջ մասնավորի հետ համաձայնության են եկել հաշվի առնելով հասարակության, տուրիստական ընկերությունների պահանջը. «Եվ իսկապես, այդ վայրում անհրաժեշտ է ունենալ հասարակական զուգարան»,- ասաց նա:
Հարցին, թե, արդյո՞ք, Երևանի կենտրոնական, ամենասիրված փողոցներից մեկում զուգարան կառուցելը չի առաջացնի սանիտարական խնդիրներ՝ հոտի ու մաքրության առումով, Արթուր Գևորգյանը պատասխանեց.


«Կարծում եմ՝ չի առաջանա, որովհետև այդտեղ գործել է զուգարան ու ոչ մի նման խնդիր չի եղել: Դա շահույթ հետապնդող գործունեություն է և հենց մասնավորը պետք է ապահովի զուգարանի մաքրությանը: Մենք բաց ենք այս հարցում, պատրաստ ենք մասնավոր ընկերություններին հասարակական զուգարան կառուցելու համար տարածքներ տրամադրել»,-ասաց նա:

 

Իսկ թե ո՞ր մասնավոր ընկերությանն է պատկանելու Աբովյան փողոցի հասարակական զուգարանը, Արթուր Գևորգյանը չպատասխանեց՝ ասելով, որ դա իրեն հայտնի չէ: