Պետերբուրգում քննիչի ամուսնու տանը 5 առևանգված թանկարժեք ավտոմեքենա է հայտնաբերվել (լուսանկարներ)

21:58 • 17.07.12

ՌԴ Պետերբուրգ քաղաքի քննիչը, որի ամուսնու մոտ ոստիկանությունը մի քանի գողացված արտասահմանյան ավտոմեքենա և տրակտոր է հայտնաբերել, հեռացվել է իրավապահ համակարգից՝ վարկաբեկող հիմքերի պատճառով, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը` հղում կատարելով ՌԴ մարզային ՆԳՆ վարչության հայտարարությանը:


Նախորդ շաբաթվա սկզբին իրավապահները գողացված Lexus LS 460 ավտոմեքենայի հետախուզման շրջանակներում հայտնաբերել են, որ մեքենան գտնվում է սեփական տան տարածքում և խուզարկության թույլտվություն ստացել:


«Խուզարկության ժամանակ օպերատիվ տվյալները հաստատվեցին: Բացի հետախուզվող Lexus-ից, իրավապահները հայտնաբերել են նույն վայրում ևս 4 արտասահմանյան ավտոմեքենա և տրակտոր ամբարձիչ, որոնք նույնպես նախկինում գողացված էին: Lexus-ի առևանգման գործի շրջանակներում տան տերը` 41-ամյա տեղի բնակիչը ձերբակալվել է: Այդ ընթացքում պարզվել է, որ նրա կինը, Օլգա Տոլոկոննիկովան, Պետերբուրգի ՆԳՆ վարչության քննիչ է հանդիսանում»,- ասվում է հաղորդագրության մեջ:


Նաև նշվում է, որ Տոլոկոննիկովայի հանդեպ ծառայողական քննություն է նշանակված, որի արդյունքում նա ազատվել է աշխատանքից:


«Բացի այդ, որոշում է կայացվել քրեական գործի հատուկ քննչական վարչության քննությանը առաքման վերաբերյալ», - հայտարարում է ՌԴ ՆԳՆ մարզային վարչությունը: