Կանադացի խորհրդարանականները կմշտադիտարկեն ԼՂՀ նախագահական ընտրությունները
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է Կանադայի Համայնքների պալատի անդամներ, Կանադա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի փոխնախագահներ Ալեքսանդր Բուլրիսին և Ջիմ Կարաջանիսին, այս մասին տեղեկանում ենք Արտգործնախարարության մամուլի հաղորդագրությունից:
Ողջունելով հյուրերին` նախարար Նալբանդյանը նշել է, որ վերջին տարիներին Կանադայի հետ համագործակցության բնագավառում առաջընթաց է արձանագրվել, ինչպես նաև ասել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Կանադայի հետ բազմաբովանդակ փոխհարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը:
Նա բարձր է գնահատել խորհրդարանական դիվանագիտությունը որպես պետությունների միջև հարաբերությունների զարգացման կարևոր ձևաչափ և ողջունել Կանադայի խորհրդարանի պատգամավորների գործունեությունն ուղղված հայ-կանադական հարաբերությունների զարգացմանը:
Նախարար Նալբանդյանը կարևորել է նաև կանադացի խորհրդարանականների մասնակցությունը Արցախում կայանալիք նախագահական ընտրությունների դիտորդական առաքելությանը, ինչն ԱԳՆ ղեկավարի բնորոշմամբ հնարավորություն է ընձեռում տեղում ծանոթանալու իրողություններին և անաչառ պատկերացում կազմելու ընտրական գործընթացների ու միջազգային չափանիշներին դրանց համապատասխանության մասին:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային մի շարք խնդիրների:









