Իսպանիայի թագավորը տնտեսական ճգնաժամի պատճառով 7.1%-ով կրճատել է իր աշխատավարձը
Իսպանիայի թագավոր Խուան Կառլոս 1-ինը որոշում է կայացրել 7.1% -ով կրճատել սեփական աշխատավարձը, ինչ կապված է երկրում տիրող տնտեսական ճգնաժամի հետ, գրում է Euromag-ը:
Այսուհետ նրա աշխատավարձը կկազմի 222 592 եվրո, որը 20 հազ-ով ավելի քիչ է նախկինում տրվող գումարից: Բացի Խուան Կառլոսից, կրճատվել են նաև թագուհի Սոֆիայի, արքայադստրեր Քրիստինայի, Հելենայի և թագաժառանգ արքայազնի կնոջ` Լետիցիայի ընդհանուր ծախսերի չափը 60 հազ եվրոյով` կազմելով տարեկան 292 625 եվրո:
Այս տարվա ապրիլին թագավորն արդեն կրճատել էր թագավորական ընտանիքի ծախսերը 170 հազար եվրոյով: Ընդհանուր առմամբ թագավորական ընտանիքի ծախսերը հոգալու համար անցյալ տարի պահանջվել է 8.43 մլն դոլար, որի 40%-ը պետությունը որպես հարկ է գանձել: Գումարի կեսը` 4,039 մլն եվրոն, տրամադրվել է սպասարկող անձնակազմին, քանի որ Սարսուելա դղյակում 509 մարդ է աշխատում:
Ըստ Իսպանիայի սահմանադրության` թագավորը որևէ մեկի առաջ հաշվետու չէ իր եկամուտների և ծախսերի համար, սակայն հաշվի առնելով ներկա ծանր տնտեսական վիճակը, Խուան Կառլոսը որոշում է կայացրել հրապարակել թագավորական ընտանիքի բյուջեի վերաբերյալ տվյալները:
Ավելի վաղ, երկրի վարչապետն ու կառավարության անդամները, ևս ինքակամ կրճատել են իրենց աշխատավարձերը 7.1%-ով, ինչպես նաև հրաժարվել մի շարք բոնուսներից:









