Բազմաչարչար Լենինգրադյան փողոցի թարմ վերքերը, կամ «Էն փոսը, որ 2 ամիս առաջ փորել է վարպետ Թևանը» (լուսանկարներ, տեսանյութ)
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ով հատուկ ուշադրություն է դարձնում Երևանի և Հայաստանի մարզերի խնդիրներին, իր ֆոտոխցիկով հերթական աղաղակող փնթիությունն է արձանագրել մայրաքաղաքի Լենինգրադյան փողոցում:
Ինչպես Tert.am-ին հայտնում ֆոտոլրագրողը, արձագանքելով բնակիչների ահազանգ-խնդրանքներին Լենինգրադյան փողոցում զրուցել է Լենինգրադյան 34 և մերձակա մի քանի շենքերի բնակիչների հետ և վերջիններս Գագիկ Շամշյանին զայրացած ներկայացրել են փողոցը հատող կիսալցված փոսը, որի շինարարական աշխատանքները սկսվել են գրեթե 2 ամիս առաջ ու մինչ օրս չեն ավարտվել:
Ըստ բնակիչների՝ ամեն երեկո այս տարածքում արձանագրվում են ավտովթարներ, վտանգված է երթևեկությունը թե՛ մեքենաների և թե՛ հետիոտների համար:
Անհասկանալի է պատկան մարմինների քար անտարբերությունը այս աղաղակող փաստի առնչությամբ: Կիսալցված փոսին զուգահեռ գրեթե անտեսանելի հետիոտնի անցման գծանշումներն են:
Ֆոտոլրագրողը հայտնեց նաև, որ բնակիչները ցույց տալով մոտակայքում կայանված քարշակ մեքենան (էվակուատոր)՝ ասել են հետևյալը. «Շամշյան ջան, էս էվակուատորը գիշերները լավ գործ ա անում՝ փոսի պատճառով ջարդված կամ վթարի ենթարկված ավտոներ տեղափոխելով»:
Բացի վերը նշվածից, փողոցում մեծ խցանումներ են առաջանում, երբ մեքենաները դանդաղ «մանյովրելով» փորձում են զգուշությամբ անցնել, կամ անգամ հանդիպակաց գոտի դուրս գալով շրջանցել չարաբաստիկ «խրամատ»-ը:
Գագիկ Շամշյանը նշեց նաև, որ այդ հատվածով անցնող շտապ օգնության մեքենաները թանկարժեք րոպեներ են կորցնում ուշանալով կանչերից, կամ հիվանդին առաջին օգնության հնարավորությունից: Հավաքված բնակիչները ֆոտոլրագրողին հայտնել են, որ հիմա վստահ են, որ չարաբաստիկ փոսը շատ շուտով կվերանա:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի









