Շատ ոգևորված եմ ընդունելության քննությունների արդյունքներից.Արմեն Մազմանյան
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասացն, որ ոգևորված է այս տարվա ընդունելության քննություններից։
Ըստ նրա, քննություններն անցել են բարձր մակարդակով, քանի որ դիմորդները բարձր մակարդակով են պատրաստված եղել:
«Շատ լավ երեխաներ են եղել, որոնցից 40 դիմորդ դուրս է մնացել: Մեկ տեղի համար պայքարում էր չորսից հինգ դիմորդ: Այս տարի ինստիտուտ եկավ վարպետ Ռաֆայել Քոթանջյանը, ինչի համար մենք շատ ուրախ ենք: Նա կունենա իր կուրսն ու կղեկավարի այն»,- տեղեկացրեց Մազմանյանը:
Ռեկտորը նշեց, որ այս տարի ինստիտուտում նոր առարկաներ ուսումնասիրող կուրսեր են բացվել, որոնցից են մուլտանիմացիան, 3D անիմացիան, խաղարկային ֆիլմերը և այլն:
«Մենք ժամանակի ընթացքում պետք է տանք լավ մասնագետներ և շուկայից դուրս մղենք անորակներին, որպեսզի մաքրվի մեր եթերը:Այսօր ոչ ոք չի իմանում, թե ո՞վ է գովազդի ռեժիսորը, ո՞վ է թոք շոուի ռեժիսորը, ո՞վ է ֆիլմի ռեժիսորը, մեզ մոտ բոլորն անում են ամեն ինչ: Դա է պատճառը, որ ռեժիսորը նկարահանում է հայրենիքի մասին երգի տեսահոլովակ՝ «կրայսլերի» մեջ նստած: Սա մառազմ է»,- նշեց Արմեն Մազմանյանը:
Վերջինս հավելեց նաև, որ ինստիտուտում դիմորդների պակաս չի եղել, սակայն թատերագիտություն և կինոգիտություն բաժիններում եղել են քիչ թվով դիմորդներ:
«Մարդիկ չեն գալիս արվեստ սովորելու, գիտությամբ չեն ցանկանում զբաղվել»,- եզրափակեց Արմեն Մազմանյանը:
Այս տարի Կինոյի և թատրոնի ինտիտուտ ընդունվել են 122 դիմորդ՝ վճարովի հիմունքներով, 64 դիմորդ՝ անվճար հիմունքներով:









