Լոռու մարզում «Թեղուտ» ՓԲԸ-ի երկու աշխատակից տրակտորով ընկել են Թեղուտ գետը (լուսանկարներ)
Այսօր՝ հուլիսի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ինչպես Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 18.15-ի սահմաններում Ալավերդու բժշկական կենտրոնից ահազանգել են Ոստիկանության Թումանյանի բաժին այն մասին, որ իրենց մոտ են տեղափոխվել Լոռու մարզի Թեղուտ գյուղի բնակիչ 27-ամյա Ռոմիկ Բոզինյանը և Ալավերդի քաղաքի բնակիչ 25-ամյա Արտակ Գաբրիելյանը:
Գ. Շամշյանին հայտնի է դարձել, որ նշված երիտասարդները աշխատում են «Թեղուտ» ՓԲԸ-ում, Ռ. Բոզինյանը՝ որպես տրակտորիստ, իսկ Ա. Գաբրիելյանը՝ որպես զոդող-բանվոր:
Պարզվել է, որ ժամը 16.30-ի սահմաններում Ռ. Բոզինյանը վարելով «Թեղուտ» ՓԲԸ-ին պատկանող «Պ-40» մակնիշի տրակտորը, Շնող-Թեղուտ 1-ին կմ-ում կամրջի վրայով անցնելիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել Թեղուտ գետը: Վթարի հետևանքով վարորդը և ուղևոր Ա. Գաբրիելյանը ստացել են մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Ալավերդու բժշկական կենտրոն:
Դեպքի վայր է մեկնել Ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Մարտուն Բալայանի և նույն վաշտի երկրորդ դասակի հրամանատար Սմբատ Նորեկյանի, ՃՈ հետաքննիչ Մխիթար Գիշյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Թումանյանի քննչական բաժանմունքի քննիչ Դավիթ Դավթյանը:
Փաստի առթիվ Թումանյանի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:









