Փախստականը պնդում է, որ Վլադիմիր Մովսիսյանը տարիներ առաջ խաբեությամբ խլել է իր տունը
83-ամյա Համազասպ Ներսիսյանը պնդում է, որ ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնախնդիրների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը տարիներ առաջ իր տունը խաբեությամբ խլել է: Նա այս հարցով այսօր նախագահի նստավայրի մոտ էր և իր բնակարանը վերադարձնելու պահանջով հերթական դիմումը փոխանցեց Սերժ Սարգսյանին:
Tert.am-ի հետ զրույցում նա պատմեց, որ ինքը Սումգայիթից է և Էջմիածնի Արշալույս գյուղում գտնվող տունը ձեռք էր բերել 1987 թ-ին:
«Սումգայիթյան ջարդերից մի տարի առաջ եկա Հայաստան, որպեսզի տուն գնեմ և իմ ու եղբորս ընտանիքը տեղափոխեմ այստեղ: Գումարը հավաքել ենք ես ու եղբայրս, որ գայինք տուն առնեինք: Սև լիներ այն օրը, որ որոշեցինք գալ Հայաստան: Եղբայրս Ռուսաստան էր ասում գնանք, ես չհամաձայնեցի»,- պատմեց նա և ավելացրեց, որ այդ տունն ինքն օրինական ձևով է գնել:
«Բայց տանը միայն ինձ գրանցեցին, կինս ինչպես նաև եղբայրս իր ընտանիքի հետ՝ այդ ժամանակ ինձ հետ չեկան, երեխաների դպրոց գնալու պատճառով մնացին Սումգայիթում, ռուսական կրթություն ունեին: Հետո բոլորն էլ եկան, բայց իրենց արդեն չգրանցեցին: Եղբայրս էլի վերադարձավ Սումգայիթ, որտեղ նրան ու իր ընտանիքին սպանեցին»,- ասաց նա և վստահեցրեց, որ մինչ նրանց գնալն արդեն տան վրա աչք էր դրել Վլադիմիր Մովսիսյանը և ամեն կերպ անուղղակի ձևով խանգարում էր նրանց գրանցմանն ու տունը սեփականաշնորհելուն:
«Սովետական միության դեպուտատ Բավական Մնացականյանն այդ գյուղից էր, իսկ Վլադիմիր Մովսիսյանը Կենտկոմի աշխատող էր, հետո դարձավ առաջին քարտուղար: Նա այդ տարիներին անձամբ իմ դեմը կտրեց, ինձ սպառնաց, որ տան վաճառքի մասին պայմանագիր գրեմ: Վախեցրեցին, թե դու դաշնակցական ես, քեզ կձերբակալեն»,- պատմեց Համազասպ Ներսիսյանը և հավելեց, որ հենց նույն Մնացականյան Բավականն էլ կազմակերպել է տան վաճառքը:
«Եկան մեր տուն, թե այդ տունը վաճառի մեր վրա, ես ասեցի, որ ես էլ եմ դա արդեն ուզում, որ գնամ այստեղից, բայց քանի որ գյուղսովետի նախագահը տեղականք չի տալիս, որ այս տունն իմ սեփականությունն է, դրա համար չեմ կարող վաճառել: Ասացին, դու գործ չունես գյուղսովետի հետ, մենք այդ հարցերը կլուծենք, և այդ մարդիկ գնացին: Հետո մի քանի օրից եկան, թե մենք ամեն ինչ կանենք, էդ թղթերը կձևակերպենք, տունը կգրանցենք մեզ վրա, ես համաձանեցի միայն նրա համար, որ իրանք այդ թղթաբանությունը կազմակերպեն, քանի որ մտածում էի, որ ես օտար մարդ եմ ու ինձ լսող չկա: Տան 2-րդ հարկում եղած 5 սենյակի և մեկ պատշգամբի համար խոսացին 120.000 ռուբլի»,- ասաց նա:
«Ինձ խաբեցին, 1989թ-ի մարտի 17-ին, ասացին՝ արի քեզ հիմա 62.000-ը տանք, բայց 58.000-ը կբերենք մյուս շաբաթ հետո, ես էլ այդ մարդկանց հավատացի, վերցրի, իսկ մյուս մասն այդպես էլ չտվեցին: Երրորդ օրն էջմիածնի դատարանից եկան ու հանեցին շպրտեցին, ասեցին՝ գնա»,– նշեց նա:
Համազասպ Ներսիսյանը հավատացնում է, որ ինքը վաճառքի պայմանագրի ոչ բոլոր կետերին է տվել իր համաձայնությունը. «Ասեցին՝երեք տեղ ստորագրի, ես մի տեղ միայն ստորագրեցի, որ պետական տուրքը գնողի վրա է, իսկ մյուս երկու տեղը չեմ ստորագրել»,-ասաց նա և հավատացրեց, որ նախագահին հասցեագրված դիմումին կից ներկայացերլ է բոլոր փաստաթղթերը, որոնք հաստատում են, որ տունն իրենն է:
«Վլադիմիր Մովսիսյանը պիտի պատասխան տա այդ հանցագործության համար, նա նաև մեղավոր է եղբորս, նրա կնոջ ու երեխաների համար: Նա պիտի պատասխան տա՝ սրիկա, խոզը»,-բարձրաձայնում էր Ներսիսյանը:
Նա նշեց, որ բացի նախագահից նույն բովանդակության մի դիմում էլ հասցեագրել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին: «Դաշնակցությանը նույնպես դիմել եմ, բայց ինձ չեն պատասխանում, բոլոր դատարնները հրաժարվում են այս գործը վերցնել: Մի տեղից ասում են գնա մյուս տեղը, մյուս տեղից՝ մյուսը»:
Համազասպ Ներսիսյանը նաև տեղեկացրեց, որ 5 տարի մասնակցել է ղարաբաղյան պատերազմին և երրորդ խմբի հաշմանդամ է: Այժմ Համազասպ Ներսիսյանն ապրում է Մեծամորում, որտեղ կարողացել է տարիների ընթացքում տուն ձեռք բերել:









