ԼՂՀ նախագահի թեկնածու Վ. Բալասանյանը հանդիպել է Արցախ տեղափոխված սիրիահայերի հետ

13:33 • 17.07.12

Քաշաթաղի շրջանում այսօր կայացած նախընտրական հանդիպումների ժամանակ Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը հանդիպել է Սիրիայի Կամիշլիի շրջանից Կովսական տեղափոխված մի քանի ընտանիքների, որոնց հետ քննարկել է սիրիահայության խնդիրներին, Արցախ տեղափոխված հայերի ադապտացիայի հետ կապված հարցերին:


Ըստ Վիտալի Բալասանյանի նախընտրական շտաբի տարածած հաղորդագրության՝ նա նշել է, որ հայրենիք-սփյուռք հարաբերությունները պետք է հիմնված լինեն փոխադարձության սկզբունքի վրա:


Սփյուռքը մեծածավալ օժանդակություն է ցույց տվել Արցախին և ժամանակն է, որպեսզի Արցախն ակտիվորեն մասնակցի հայապահպանության գործին և օպերատիվ աշխատի հայությանը վտանգ սպառնացող դեպքերում, ասել է նա:


ԼՂՀ նախագահի թեկնածուն նաև նշել է, որ այսօր սպառնալիքի տակ է Սիրիայում ապրող հայությունը և նրանց ճակատագիրը պետք է լրջորեն հուզի Արցախին: