Վերջին 6 ամիսներին Հայաստանում գտնվել է 80 հետախուզվող

15:26 • 17.07.12

2012 թ. 6 ամիսներին 82 անհայտ կորած անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, որոնցից 80 –ը հայտնաբերվել են: Այս մասին Tert.am –ի հարցմանն ի պատասխան հայտնեցին Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից:


Ոստիկանությունից չբացառեցին , որ հայտնաբերված 80–ի թվում լինեն անձինք, որոնց նկատմամբ հետախուզում էր հայտարարվել նախորդ ժամանակահատվածում:


Որպես անհայտ կորած մինչև վերջերս որոնվում էր նաև Երևանի բնակչուհի, 1936 թ. ծնված Գոհարիկ Գասպարյանը, որը հուլիսի 2-ին, ժամը 12.00-ի սահմաններում, դուրս էր եկել տնից և չէր վերադարձել։


Հուլիսի 16-ին ոստիկանները նրա մասնատված դիակը հայտնաբերեցին մետաղյա տակառում, որը գտնվել էր «Նոր Խարբերդ» այգեգործական ընկերության 24-րդ փողոցում գտնվող տան մոտ:


Ըստ նախաքննության՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ 51-ամյա Սամվել Գասպարյանը նույն օրը ժամը 12.00-ի սահմաններում, իր վարձակալած բնակարանում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ խեղդամահ է արել Գոհարիկ Գասպարյանին:


Այս պահին ոստիկանությունը որպես անհայտ կորածների հետախուզում է հայտարարել նաև 1955 թ. ծնված Արայիկ Ամիրյանի և 1956թ. ծնված Անահիտ Հարությունյանի նկատմամբ, որոնցից առաջինը տանից դուրս է եկել հուլիսի 12-ին, ժամը 11.00-ին և չի վերադարձել, իսկ երկրորդը՝ հուլիսի 5-ին:


Ոստիկանությունից հրաժարվեցին պատասխանել այն հարցին, թե ինչ վայրերից են հայտնաբերվում հետախուզվողները՝ նշելով, որ այս մասին վիճակագրական տվյալները հատուկ ուսումնասիրության առարկա պետք է դառնան: