Քաղաքին շատ անհրաժեշտ են այդ զուգարանները. Երևանի նախկին ճարտարապետ

17:19 • 17.07.12

Երևանի նախկին ճարտարապետ Համլետ Խաչատրյանը կողմ է, որ Երևանի կենտրոնում՝ Աբովյան փողոցում կառուցվեն ստորգետնյա զուգարաններ, սակայն միակ մտավախությունն այն է, որ «նոր սրճարաններ» չդառնան այդ զուգարանները: Այս մասին վերջինս ասաց Tert.am-ի հետ զրույցում, նշելով, որ Ռուսաստանի ամենագեղեցիկ քաղաքաներից մեկում՝ Սանկտ Պետերբուրգի կենտրոնում էլ կան գեղեցիկ զուգարաններ:

 

«Դա շատ լավ բան է, եթե Սանկտ Պետերբուրգի կենտրոնական փողոցներով քայլեք՝ էլի կտեսնեք շատ շքեղ զուգարաններ, դա շատ լավ բան է, տուրիստների համար կարևոր բան է, և նույն Լենինգրադում կարող եք տեսնել այնպիսի ճոխ զուգարաններ, որ Երևանում նման ճոխությամբ այլ բաներ են կառուցվում»,- ասաց Հ. Խաչատրյանը:

 

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը թույլատրել է դեռևս անհայտ մասնավոր մի ընկերության՝ Աբովյան փողոցում կառուցել ստորգետնյա զուգարան: Զուգարան կառուցելը առաջացրել էր բնապահպան ակտիվիստների զայրույթը:


«Քաղաքին շատ անհրաժեշտ են այդ զուգարանները, դա բոլորս էլ լավ գիտենք, սակայն դա վերջում պատուհաս չդառնա մեր գլխին: Մենք ժամանակին ցանկանում էինք նման բան անել, սակայն մասնավոր ներդնողները գալիս էին, մի մեծ սրճարանի պլան էին բերում, և կողքից էլ մի հատ զուգարան, այ դա արդեն խնդիր էր լինում»,- նշեց Հ. Խաչատրյանը: