Aspid-ը նոր սուպերմեքենա է ներկայացրել (տեսանյութ, լուսանկարներ)

03:20 • 18.07.12

Իսպանական փոքր խմբաքանակով սպորտային ավտոմեքենաներ արտադրող Aspid ընկերությունը ներկայացրել է իր նոր մոդելը, որը ստացել է GT-21 Invictus անվանումը: Էքստրավագանտ դիզայնով նոր մեքենան BMW-ի շարժիչով կհամալրվի և շատ սահմանափակ տարեկան թողարկում կունենա:


Մինչ այս Aspid-ը հայտնի էր միայն 2008թ. թաղարկված և Lotus Seven-ին հիշեցնող իր SS սպորտային մեքենայով: Invictus-ը ավելի տպավորիչ, հզոր և շքեղ կլինի:

 

Սպորտային մեքենան ալյումինե հենահարթակի վրա է կառուցված, իսկ իրանի կառուցվածքում լայնորեն կիրառված է կարբոն, տիեզերական արդյունաբերության մեջ կիրառվող հատուկ կարծրության պողպատ և կոմպոզիտային պլաստիկ: Արդյունքում մոտ 4,5մ երկարությամբ շքեղ Invictus-ը հնարավոր է եղել սահմանափակել 990կգ քաշով:


Որպես ուժային ագրեգատ կիրառվում է BMW-ի 4,4լ ծավալով V8-ը, որը 450 ձիաուժ հզորություն է ապահովում: Հետևի տանող անիվներին հզորությունը փոխանցվում է երկու կցորդիչներով ռոբոտացված փոխանցումատուփով: Մինչև 100կմ/ժ արագացումը մեքենան ապահովում է 3 վարյկյանից քիչ ժամանակում, իսկ առավելագույն արագությունը պետք է գերազանցի 300կմ/ժ:


Պետք է նշել, որ Aspid GT-21 Invictus-ը ապահովում է 4 նստատեղ`2+2 համակարգով և տարեկան միայն 250 օրինակով կարտադրվի: