Ռուսաստանում 7-ամյա աղջնակը զոհվել է քրոջը փրկելով ոստիկանի վրաերթից (տեսանյութ)

00:52 • 18.07.12

Փոքր աղջնակը ինքնազոհաբար փրկել է մեկամյա քրոջը ինքը` մնալով ոստիկանի ավտոմեքենայի տակ:
Նկատելով իրենց ուղղությամբ սլացող արտասահմանյան մեքենան՝ 7-ամյա Կսյուշան հրել է Մաշային մանկական հեծանիվից, իսկ ինքը ընկել է Վոլգոգրադի քննիչի ավտոմեքենայի տակ, հաղորդում է «Լայֆ-Նյուս.Ռու»-ն:


«Ես աշխատանքից տուն էի վերադառնում, երբ նկատեցի փողոցում մեքենաների և մարդկանց մեծ կուտակում, որոշեցի մոտենալ տեսնել, թե ինչ վթար է, միգուցե կարողանամ օգնել: Իսկ երբ մոտեցա սարսափահար հասկացա, որ իմ դուստրն է անգիտակից պառկած, իսկ նրա մոտ երկու թոռնուհիներս: Բոլորը արյան մեջ»,- պատմում է զոհված Կսյուշայի տատիկը` Սվետլանա Մարչենկոն:


Երկու աղջնակներին և 30-ամյա Ժաննային վրաերթի էր ենթարկել Վոլգոգրադի քննիչ Ալեքսանդր Բուրդենկոն: Կինը որոշել էր փողոցը անցնել լուսաֆորի կանաչ ազդանշանով, երբ մեծ արագությամբ մեքենան հայտնվել է նրանց առաջ:


«Մենք մոտակայքում էինք և լսեցինք արգելակների ձայն, մեքենան սահեց ուղիղ այնտեղ, որտեղ ընտանիքն էր: Հարվածից առաջինը մայրը հասավ, իսկ ավագ աղջնակը ամենավերջին վայրկյանին հասցրեց մանկական հեծանիվից մի կողմ նետել փոքրիկին: Հենց դա էլ փրկեց փոքրիկի կյանքը», - պատմել է պատահարի ականատեսներից մեկը:


Մեկամյա Մաշան մեքենայից մեկ մետր հեռու է հայտնվել, իսկ իր հեծանիվը անցել է մեքենայի տակ: Այնտեղ է հայտնվել նաև 7-ամյա Կսյուշան:


Նրան փրկել չեն կարողացել` մահացել է հիվանդանոցի ճանապարհին: Մայրը` Ժաննան վերակենդանացման բաժանմունքում է: Բժիշկները դեռ կանխատեսումներ չեն անում վիճակի մասին:
Միջադեպի փաստի առթիվ հետաքննություն է ընթանում:


Վոլգոգրադ ՌԴ ՆԳՆ-ի հատուկ խումբ է ուղարկվել ոստիկանության անձնակազմի ստուգումներ իրականացնելու նպատակով` խոսքը վերաբերվում է տեղի ղեկավար պաշտոններ զբաղեցնող մի շարք անձանց գործից հեռացնելուն: