Այսօր թատրոնն էլ չի կատարում իր առաքելությունը. Արա Խզմալյան

13:05 • 24.07.12

Թատերագետ Արա Խզմալյանը, այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Հայաստանում քաղաքացիական հասարակության ձևավորմանը, ասաց որ մեծ ողբերգություն է համարում կուսակցությունների աճը և թատրոնների լռությունը։


«Այսօր թատրոնն էլ չի կատարում իր առաքելությունը: Ինչո՞վ են զբաղված մեր թատրոնների ղեկավարները. մրցանակների բախշում և նման բաներ, չնայած կան նաև նորմալ մարդիկ, ես բոլորին նկատի չունեմ: Հենց թատրոնն էլ այն վայրն է, որտեղից սկսվում է ամեն ինչ»,- ասաց Արա Խզմալյանը:


Նրա խոսքով՝ այս տարվա գարնանը Մաշտոցի պողոտայում գտնվող Մարգարյան հիվանդանոցի ծննդատան կողքին ծնվեց քաղաքացիական հասարակությունը, որը հիանալի բան է Հայաստանում, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, նշելով որ քաղաքացիական շարժումը նախաձեռնում են ընդդիմադիր կեցվածք ունեցողները, սակայն նրանք չունեն քաղաքական հայացքներ:


«Շատ եմ նեղվում, երբ տեսնում եմ, որ քաղաքացիական հասարակության առաջ բերած բողոքի զանգվածներին միանում են քաղաքական ընդդիմադիր դաշտից, սովորաբար նրանք միանում են վերջում, և քաղաքացիական ակտիվության ձեռք բերած արդյունքներով քաղաքական միավորներ են շահում»,– ասաց նա:


«Ես շատ եմ ուրախանում, որ մեզ մոտ զարգանում է քաղաքացիական հասարակությունը, քանի որ դա ազգի վերածնունդն է՝ մանավանդ մեր ժամանակներում, երբ կրթված խավը լռում է»,-ավելացրեց Արա Խզմալյանը:
Վերջինս նշեց, որ աշխարհն ապրում է մի ժամանակաշրջանում, որտեղ անսպասելի բողոքի զանգվածները կարող են առաջ բերել լուրջ ցնցումներ։


«Հիվանդ ժամանականերում ենք ապրում, երբ մարդիկ կորցնելու բան չունեն, երբ մարդիկ ապագայի հեռանկարներ չունեն, իսկ մարդկանց այդ տեսակն ամենավտանգավորն է»,– նկատեց թատերագետը: