Քննարկվել է Նանսենի անվան զբոսայգում կառուցվելիք հոգևոր կառույցի էսքիզային առաջարկը

17:05 • 25.07.12

Երևանի քաղաքաշինական խորհրդի ճարտարապետական հանձնաժողովի հերթական նիստին ներկա են եղել Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը և Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:


Օրակարգի հարցերի թվում քննարկվել է նաև նորվեգացի մեծ հումանիստ Ֆրիտյոֆ Նանսենի անվան զբոսայգու տարածքում, համանուն թանգարանին կից հոգևոր կառույցի ճարտարապետ Ալբերտ Սոխիկյանի կողմից արված էսքիզային առաջարկը:


Հիշեցնենք, որ կառույցն իրականացվում է տարածքի բնակիչների խնդրանքով ՝ վաստակավոր բժիշկներ Կառլեն և Սառա Եսայանների բարեգործական միջոցներով և լինելու է Երևան համայնքի սեփականությունը:


Հարցի վերաբերյալ կարծիքներ հայտնած նիստի մասնակիցների ընդհանուր տեսակետը հետևյալն էր. գաղափարը թույլատրելի է, բայց պետք է գտնել ճարտարապետական այնպիսի լուծում, որը ներդաշնակ կլինի կառուցվող թանգարանին:
 

Ճարտարապետական հանձնաժողովը քննարկել է նաև Հանրապետության հրապարակի և հարակից տարածքների կառուցապատման կարգավորման նպատակով փորձագիտական աշխատանքային խումբ ձևավորելու վերաբերյալ Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի առաջարկը:


Հանձնաժողովի նիստին ներկա բոլոր ճարտարապետները, ողջունելով Երևանի գլխավոր ճարտարապետի առաջարկությունը, հարցի շուրջ ծավալված քննարկման ընթացքում արտահայտել են իրենց տեսակետներն ու դիրքորոշումը, ըստ որի նման մասնագիտական աշխատանքային խմբի ձևավորումն անհրաժեշտություն է:
 

Քաղաքաշինական խորհրդի ճարտարապետական հանձնաժողովը որոշել է առաջիկա նիստի ընթացքում գործնական քննարկում ծավալել վերը նշված փորձագիտական աշխատանքային խմբի ձևավորման շուրջ՝ այդ համատեքստում անդրադառնալով նաև կազմակերպչական և բովանդակային այլ հարցերի: