ՅՈՒՆԵՍԿO-ն նշանակալից տարեդարձների ցանկում ներառել է Շիրակացու 1400-ամյակը
ՅՈՒՆԵՍԿO-ն նշանակալից տարեդարձների իր ցանկում ներառել է միջնադարի հայ խոշորագույն գիտնական, ճշգրիտ գիտությունների և բնագիտության հիմնադիր Անանիա Շիրակացու 1400-ամյակը, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց աստղագետ Արեգ Միքայելյանը։
Նրա խոսքով՝ հայ անվանի փիլիսոփա, մաթեմատիկոս, տիեզերագետ և տոմարագետ Անանիա Շիրակացին մոռացության էր մատնվել և անգամ հստակ հայտնի չէր նրա ծննդյան տարեթիվը, ինչն էլ առիթ է դարձել, որ Հայկական աստղագիտական ընկերությունը դիմեց Կառավարությանը՝ խնդրելով հետազոտություն կատարել և ճշտել Շիրակացու ծննդյան թիվը:
«Հետազոտություններից հետո պարզվեց, որ հայ գիտնականը ծնվել է 611-612թ-ին և, փաստորեն, այս տարի լրանում է նրա ծննդյան 1400 ամյակը: Սա պարզելուց հետո մենք դիմեցինք ՅՈՒՆԵՍԿO-ին և այն ներառվեց նշանակալից տարեդարձների ցանկում»,-ասաց աստղագետը:
Արեգ Միքայելյանը նշեց, որ այս առիթով ամենամեծ միջոցառումը՝ ամառային դպրոցը, կկայանա սեպտեմբերին, որը միջազգային է և արդեն 18 երկրների 80 ուսանողներ ներգրավված են միջոցառմանը:
«Ամառային դպրոցին կմասնակցեն աստղագետներ: Հայ ուսանողներ և դասախոսներ ևս կմասնակցեն: Մյուս կարևոր միջոցառումներից է այն, որ գիտական մի ամբողջ ամսագիր պետք է նվիրվի Անանիա Շիրակացուն»,– ասաց նա:
«Այնուհետև թվայնացվելու են նրա բոլոր գիտական աշխատությունները և հենց իր մասին գրված գրքերը»,- ասաց Արեգ Միքայելյանն ու ավելացրեց, որ այն իրականացնելու է ԳԱԱ-ի հիմնարար գիտական գրադարանը, որը թվայնացման աշխատանքը պետք է ավարտին հասցնի մինչև տարեվերջ:
Հարցին, թե, արդյո՞ք, միջազգային աստղագիտության մեջ գիտնական Անանիա Շիրակացին հայտնի է, աստղագետ Արեգ Միքայելյանը նշեց, թե ոչ այնքան և այս միջոցառումների կազմակերպման նպատակներից մեկն էլ հենց դա է՝ Շիրակացուն աշխարհին ներկայացնելը:










