Արդի փոփ-երաժշտությունը դարձել է ավելի բարձր և պակաս յուրօրինակ. հետազոտություն
Իսպանիայի Ազգային հետազոտական խորհրդի անդամները մի ուսումնասիրություն են անցկացրել ժամանակակից փոփ-երաժշտության վերաբերյալ, հայտնում է «Ֆրանս Պրես» գործակալությունը:
Պարզվում է, որ վերջին 50 տարիների ընթացքում երաժշտության այս ժանրը զգալի բացասական փոփոխություններ է կրել ` դառնալով ավելի բարձր, աղմկոտ և պակաս յուրօրինակ։
Մասնագետները նման եզրահանգման են եկել 1955-2010 թթ. ստեղծված 1.5 մլն երգերի համակարգչային վերլուծությունից հետո:
«Մեզ հաջողվել է բացահայտել, թե ինչպես է տարիների ընթացքում երաժշտական ստեղծագործությունների բարձրության մակարդակն աճել, իսկ դրանց ստեղծման ընթացքում օգտագործված ակորդների բազմազանությունը նվազել` երգերը զրկելով օրիգինալությունից»,- նշել է հետազոտության ղեկավար Խուան Սերան:
Մասնագետը նաև նշել է, որ բազմաթիվ ժամանակակից երգեր իրականում ստեղծվում են հնի հիման վրա` պարզապես այդ դեպքում փոխվում են մի քանի ակորդներ, նոր գործիքավորում է արվում, իսկ երգն ավելի բարձր է ձայնագրվում:










