«Փրկե՛նք Նելլիի կյանքը» նախաձեռնությունը օգոստոսի 1-ին բարեգործական համերգ կտա

15:10 • 28.07.12

«Փրկենք Նելլիի կյանքը» նախաձեռնությունը կիրականացնի հերթական բարեգործական միջոցառումը։
Այս անգամ մտահղացումը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երկու ուսանողներինն է՝ Նելլի Գասպարյանինը և ջութակահար Դավիթ Տիվազյանինը, ովքեր օգոստոսի 1-ին ժամը 14:00-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում բարեգործական համերգ կտան:


Այսօր լրագրողների հետ հանդիպմանը երիտասարդ երաժիշտները տեղեկացրեցին, որ բարեգործական համերգի ամբողջ հասույթը կուղղվի Նելլի Ադամյանի բուժմանը:


Երիտասարդները նշեցին, որ թեև Նելլիին չեն ճանաչում, սակայն նրանց պարտքն է օգնության ձեռք մեկնելը:
«Տոմսերը սիմվոլիկ 1000 դրամանոց են երկու անձի համար, որոնք գնելով կկարողանաք ֆինանսապես աջակցել: Ցանկացած մարդ օգնելու հնարավորություն ունի, տոմսերը վաճառվում են և՛ տեղում, և՛ կարելի է զանգահարել 093230690 և 093527268 հեռախոսահամարներով: Համերգի ժամանակ նաև կարող են հանգանակություն անել»,-ասաց Նելլի Գասպարյանը:


Հիշեցնենք, որ 23-ամյա Նելլի Ադամյանը հիվանդ է արյան քաղցկեղով՝ լեյկոզով: Նա այժմ գտնվում է Մոսկվայում, ուր տեղափոխվել է լեյկոզի սրացումից հետո: Այնտեղ նա արդեն ընդունել է ինտենսիվ քիմիոթերապիայի 3 կուրս, որից հետո, բժիշկների փոխանցմամբ, տվյալ տիպի լեյկոզի համար շատ մեծ հավանականություն կա Նելլիի վերջնականապես ապաքինվի։
Նելլի Գասպարյանը տեղեկացրեց, որ բարեգործական այսպիսի միջոցառում սպասվում է նաև այսօր Մոսկվա կինոթատրոնում՝ ժամը 18:00-ին:


«Նելլիի համակուրսեցիների և ընկերների նախաձեռնությամբ լինելու է Գեղարվեստի ակադեմիայի ուսանողների աշխատանքների ցուցահանդես-վաճառք, որի հասույթը նույնպես կփոխանցվի բուժմանը»,-ասաց նա և նշեց, որ մինչ այս, նման ցուցահանդես վաճառք մեկ անգամ էլ է եղել։


Բացի դրանից՝ Երևան լարային քառյակը նույնպես բարեգործական համերգ է ունեցել: Ըստ նրա, կազմակերպվել են դրամահավաքներ, նաև անհատական օգնություններ եղել:


Դավիթ Տիվազյանը շնորհակալություն հայտնեց նաև Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրենին, ով համերգի համար դահլիճն անվճար էր տրամադրել: Նա, ներկայացնելով համերգային ծրագիրը, նշեց, որ հիմնականում հանրամատչելի ստեղծագործություններ կկատարեն:


Լիլիթ Գասպարյանն էլ նշեց, որ բացի հայ, ռուս և արևմտյան հայտնի կոմպոզիտորների ստեղծագործություններից, կլինի նաև մեկ հայաստանայն պրեմիերա, որի հեղինակը ժամանակակից կոմպոզիտոր Վարդ Մանուկյանն է: