Անին տաղանդավոր դերասանուհի էր և դեռ շատ անելիքներ ուներ. ռեժիսոր

13:36 • 29.07.12

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի երեկ վախճանված 42-ամյա  դերասանուհի Անի Սարգսյանը տառապում էր սարկոմա հիվանդությամբ:

Tert.am-ի հետ զրույցում թատրոնի գլխավոր ռեժիսոր Տիգրան Գասպարյանը նշեց, որ Անին տաղանդավոր դերասանուհի էր և դեռ շատ անելիքներ ուներ:

«Անին շատ մեծ պոտենցիալ ունեցող դերասանուհի էր, որը ցավոք սրտի չիրականացրեց այն, ինչը կարող էր անել ու պետք է աներ, եթե այսպես չլիներ: Բացի այն, որ դերասանուհի էր, ինքը որպես մարդ էր շատ արտիստիկ: Այն արտիստիզմը, որն այդ մարդու մեջ էր, շատ-շատ կայացած դերասանուհիներ կերազեին ունենային: Ինչ-ինչ պայմանների պատճառով չիրականացան շատ բաներ: Ես ցավում եմ դրա համար»,- ասաց ռեժիսորը:

 

Նա նշեց, որ դերասանուհու կերտած անգամ շատ փոքր դերերում երևում էր, թե այդ մարդը որքան բան կարող է անել:

«Անկախ նրանից, որ նա խաղում էր փոքր դերեր, բայց դեռ երկար ճանապարհ ուներ անցնելու և իր վրա ներկայացում անելու պոտենցիալ ուներ ու դա կլիներ, եթե այս ամենը նման ցավալի ավարտ չունենար: Չնայած հիվանդությանը նա շարունակում էր խաղալ թատրոնում»,- ասաց Գասպարյանը:

Ռեժիսորի խոսքով` եղել են դեպքեր, երբ ինքն է հարցրել դերասանուհուն, թե արդյոք ի վիճակի է խաղալ, եթե ոչ՝ փոխարինեն մինչև կլավանա և կշարունակի, վերջինս պատասխանել է՝ «ոչ, ես կգամ ու կխաղամ»: Տիգրան Գասպարյանը զարմանքով նշեց, որ դերասանուհին այնպես էր խաղում բեմում, որ կարծես ոչինչ չի պատահել:

«Նա նաև հիանալի պարում էր, այնպես որ կերազի ցանկացած դերասանուհի: Իրեն հիանալի էր պահում բեմում, այնքան կանացի էր: Աստված շատ բաներով էր շնորհել նրան»,- ասաց Տիգրան Գասպարյանը:

 

Նշենք նաև, որ Անի Սարգսյանը Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասահանուհիներից էր շուրջ 20 տարի: Նա ավարտել էր գեղարվեստաթատերական ինստիտուտի՝ հայ մեծ դերասան Խորեն Աբրահամյանի կուրսը:

 

Խաղացել է « Բեռնարդան և նրա աղջիկները», «Մուսա լեռան քառասուն օրը» «Էլի մեկ զոհ» «Եզոպոս», «Ոտքի դատարանն է գալիս» ներկայացումներում. նկարահանվում էր նաև «Եզրագծից այն կողմ» սերիալում: