Պանետտայի մերձավորարևելյան շրջագայության ֆոնին եգիպտա-իսրայելական ջերմացում է սկսվել

23:30 • 31.07.12

ԱՄՆ-ը Եգիպտոսին Մերձավոր Արևելքի ռազմավարական դաշնակից է համարում, այսօր նման հայատրարություն է արել ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետան` Կահիրեում, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:

Պենտագոնի ղեկավարը այսօր կարճատև այցով ժամանել է Եգիպտոս, որտեղ բանակցություններ է անցկացրել երկրի նախագահ Մուհամեդ Մուրսիի և երկրի Զինված ուժերի գերագույն խորհրդի ղեկավար, պաշտպանության նախարար Հուսեյն Տանտաուիի հետ:

«Վաշինգտոնը մտադիր է ամրապնդել հարաբերությունները Կահիրեի հետ: Եգիպտոսին որպես Մերձավոր Արևելքի ռազմավարական դաշնակից ենք դիտարկում»,- ասել է Պանետան:

 

ԱՄՆ-ի պաշտպանական գերատեսչության ղեկավարը Կահիրեից ժամանել է Իսրայել` քննարկելու իրանական միջուկային ծրագիրը վարչապետ Բենյամին Նեթանյահուի, նախագահ Շիմոն Պերեսի, ինչպես նաև պաշտպանության նախարար Էհուդ Բարաքի հետ: Կքննարկվի նաև Սիրիայի հարցը:

 

 

ԱՄՆ-ի և Եգիպտոսի դաշնակցային կարգավիճակի մասին հայտարարությունները համընկել են եգիպտա-իսրայելական հարաբերություններում մեղմացման գործընթացի հետ: Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին առաջին նամակն է գրել իր իսրայելցի գործընկեր Շիմոն Պերեսին, որում առաջարկել է մերձավորարևելյան խաղաղ գործընթացի վերականգնման համար բոլոր հնարավոր ջանքերը ներդնել:

«Հույս ունեմ, որ մենք բոլոր ջանքերը կներդնենք, որպեսզի ճիշտ ճանապարհի վրա դնենք մերձավորարևելյան խաղաղ գործընթացը տարածաշրջանի բոլոր ազգերի անվտանգության և կայունության համար, ներառյալ Իսրայելի ժողովրդի», - ասված է նամակում:

 

 

Զուգահեռ Եգիպտոսի նախագահը այսօր նաև ներում է շնորհել 26 մարդու, ովքեր մինչև 2011թ. հեղաշրջումը դատապարտված էին կրոնական ծայրահեղականության համար, հաղորդում են եգիպտական ԶԼՄ-ները: Նշյալ մարդկանց ներման մասին հրամանը, ովքեր իսլամական ծայրահեղական խմբավորումների ղեկավարներ են եղել, Մուրսին ստորագրել է դեռ հուլիսի 26-ին, սակայն լուրը միայն այսօր է տարածվել պաշտոնական մամուլով:
Ներում ստացածների շարքում 8 մարդ երկարատև ազատազրկման էր դատապարտված «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության ստեղծման համար, ևս 18-ը` երկու առավել ծայրահեղական իսլամական խմբերի` «Ալ-Ջիհադ» և «Ալ-Գամմա ալ-Իսլյամիյա» ներկայացուցիչներ են:

Նախագահական ներմանը արժանացածներից շատերը երկարատև կամ ցմահ ազատազրկման էին դատապարտված զինվորական դատարանի կողմից: