Հայ և թուրք երաժիշտները միասին հանդես կգան Ստամբուլում ու Բեռլինում

09:14 • 01.08.12

Հայ և թուրք երիտասարդ երաժիշտներից կազմված Թուրք-հայկական երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբը կրկին հանդես կգա բեմում՝ այսօր երեկոյան Ստամբուլի Բոսֆորի համալսարանի Գարանտիի մշակութային կենտրոնի բեմում, իսկ օգոստոսի 3-ին՝ Բեռլինում, հայտնում է Hurriyet-ը:

 

Նվագախմբում ընդգրկված է Թուրքիայի և Հայաստանի 56 երիտասարդ երաժիշտների: Որպես խմբավար հանդես կգա Աքբանքի Կամերային նվագախմբի խմբավար Ջեմ Մանսուրը, իսկ մենակատարը կլինի դաշնակահար Աշոտ Խաչատրյանը: Ծրագրում՝ Բեթհովեն, Ալեքսանդր Սպենդիարյան, Ֆերիթ Թյուզուն:

 

Երկու երկրների երաժիշտները հուլիսի 23-ից փորձեր են անցկացնում: 

 

Առաջին անգամ հայ և թուրք երիտասարդ երաժիշտները համատեղ ելույթ էին ունեցել 2010-ի հուլիսին՝ Բոսֆորի համալսարանի և Անադոլու Քյուլթուր կազմակերպության աջակցությամբ: Նախաձեռնության հեղինակներն էին Ջեմ Մանսուրը և Նվարդ Անդրեասյանը, նպատակն էր երկու երկրների միջև խաղաղության հաստատմանը սատարելը:

 

Այս անգամ Ստամբուլում և Բեռլինում հայ-թուրքական ելույթի անցկացմանը աջակցում են նաև Գերմանիայի և Թուրքիայի ԱԳՆ-ները: