Հնդկաստանում էներգամատակարարումը վերականգնվել է
Հնդկաստանում այսօր առավոտյան ամբողջովին վերականգնվել է էներգամատակարարումը, հայտնում է Agence France-Presse-ը` վկայակոչելով հնդկական Power System Operation Corporation պետական ընկերությանը:
Հուլիսի 31-ին հոսանքազրկվել էին Հնդկաստանի հյուսիսային և արևելյան շրջանները: Առանց հոսանքի էր մնացել 20 նահանգի մոտ 600 մլն բնակիչ` երկրի բնակչության գրեթե կեսը:
Հոսանքազրկման հետևանքով մոտ 300.000 ուղևոր մնացել է գնացքներում, մի քանի ժամ չի աշխատել Դելիի մետրոն, իսկ լուսացույցների չաշխատելու հետևանքով քաոսային իրավիճակ է ստեղծվել փողոցներում:
Հոսանքազրկման պատճառները պարզվում են: Ինչպես հաղորդում է BBC News-ը, երկրի էներգետիկայի նախկին նախարար Սուշիլ Շինդեն, ով երեկ երեկոյան նշանակվել է Ներքին գործերի նախարար, կատարվածի մեջ մեղադրել է այն նահանգներին, որոնք չարաշահում են էներգասպառումը:









