Ֆիջին Էլիզաբեթ Երկրորդի ծննդյան տարեդարձը չի նշի` հանուն բիզնեսի
Ֆիջին Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդի ծննդյան տարեդարձը չի նշի (այն երկրում նշվում է պետական մակարդակով), հայտնում է Agence France-Presse-ը` վկայակոչելով երկրի կառավարությանը:
«Թագուհու ծննդյան տարեդարձը Ֆիջիի համար կորցրեց իր նշանակությունը, երբ մենք հռչակվեցինք հանրապետություն: Այժմ մենք անկախ ենք»,- գործակալությանն ասել է Ֆիջիի աշխատանքի նախարարության մամուլի քարտուղար Իոն Ուսամատեն:
«Մենք որոշել ենք կրճատել պետական տոների թիվը, քանի որ դրանք խոչընդոտում են բիզնեսին ու կառավարության գործունեությանը»,- ասել է նա:
2011թ.-ի գարնանը Ֆիջիի իշխանությունները հայտարարել էին այն մասին, որ ազգային արժույթի (ֆիջիական դոլար) վրա թագուհու պատկերը կփոխարինվի տեղի ֆլորայի ու ֆաունայի պատկերներով: Նոր թղթադրամներն ու մետաղադրամները նախատեսված է շրջանառության մեջ մտցնել մինչև աշուն:
Խաղաղօվկիանոսյան պետությունը Մեծ Բրիտանիայից անկախացել է 1970 թ.-ին: Թագուհու ծննդյան տարեդարձը Միացյալ թագավորությունում ու Ազգերի բարեկամության երկրներում նշվում է մայիսի վերջին- հունիսի սկզբին, սակայն տարբեր երկրներում այն կարող է տարբեր օրերի նշվել: Իսկ թագուհու ծննդյան իրական օրն ապրիլի 18-ն է:









