Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի նկատմամբ
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հայտարարել է Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների մասին: Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, դրանք վերաբերում են էներգետիկ, նավթաքիմիական ու ֆինանսական ոլորտներին: Այս քայլով ԱՄՆ-ն ուժեղացնում է ճնշումն իսլամական պետության հանդեպ, որը չի կատարում միջուկային էներգետիկայի ոլորտում կնքված միջազգային պայմանագրերը:
Agence France-Presse-ն ընդգծում է, որ պատժամիջոցները վերաբերում են նավթի արտահանմամբ զբաղվող իրանական ընկերություններին, ինչպես նաև Թեհրանի հետ համագործակցող չինական ու իրաքյան մի քանի բանկերի:
Օբաման, միևնույն ժամանակ, հայտարարել է, որ նախընտրում է իրանական միջուկային խնդիրը լուծել դիվանագիտական ճանապարհով:
Ավելի վաղ` հուլիսի 30-ին, հաղորդվել է, որ ԱՄՆ Սենատի ու Ներկայացուցիչների պալատի մի խումբ անդամներ Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների մասին օրինագիծ են պատրաստել, որը խստացնում է իրանական նավթի գնման պատիժը: Միացյալ Նահանգները կարծում է, որ իրանական նավթի վաճառքից ստացված գումարներն իսլամական պետությունն օգտագործում է միջուկային զենք ստեղծելու համար, իսկ Իրանը հերքում է մեղադրանքները` հավաստիացնելով, որ իր միջուկային ծրագիրը կրում է խաղաղ բնույթ:
Ինչևէ, միջազգային պատժամիջոցների պատճառով իրանական նավթի արդյունահանման ծավալները հունիսին ընկել են` հասնելով 20 տարվա նվազագույնին:









