Հունիս- հուլիս ամիսներին Սևանում խեղդվել է 2 մարդ. ԱԻՆ

12:46 • 01.08.12

Այս տարի Սևանում խեղդվել է հինգ մարդ, որոնցից երեքը ձմռան, իսկ երկուսը՝ հունիս, հուլիս ամիսներին, այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արտակարգ իրավիճակների նախարարության ջրափրկարարական հատուկ ջոկատի հրամանատար Սամվել Մկրտչյանը:


Նա նաև տեղեկացրեց, որ նրանցից մեկի խեղդվելու պատճառը եղել է սրտի կաթվածը:


«Բացի 5 խեղդվածներից՝ լողափին հայտնաբերվել են նաև 2 դիակ: Փրկվածների թիվը 14-ն է: Սրանք այն մարդիկ են, ովքեր փրկվելուց հետո ներկայացել են մեզ մոտ, բայց նաև կան այնպիսինները, ովքեր չեն ներկայանում, հետևաբար, մեզ մոտ չեն գրանցվում: Նաև նշեմ, որ ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի Վարդավառի տոնին դեպքեր չգրանցվեցին»,- ասաց Սամվել Մկրտչյանը:


Վերջինս տեղեկացրեց, որ 2011թ. նույն ժամանակահատվածում Սևանա լճում խեղդվել է 9 մարդ, փրկվել է՝ 14-ը:
ԱԻն աշխատակիցը տեղեկացրեց, որ այս պահին Սևանա լճի տարածքում աշխատում է 43 ջրափրկարար՝ 19 փրկարարական կենտրոններում ու կայաններում: Դրանք տեղակայված են այն վայրերում, որտեղ մարդկանց հոսքն ավելի շատ է լինում:


«Մենք մեր ռեսուրսներով՝ աշխատակիցներով, կարողանում ենք բոլոր աշխատանքներն իրականացնել, սակայն եթե մյուս տարի արդեն գործեն ևս 5 հանրային լողափեր, ապա մեզ անհրաժեշտ կլինեն ավելի շատ աշխատողներ»,– ասաց նա:
«Այսօր լողափերի մասնավոր տերերը շահագրգռված են, որ իրենց մոտ աշխատեն փրկարարներ, սակայն եթե դրանք չեն լինում մեր խմբից, ապա միևնույնն է՝ գործում են մեր հսկողության տակ»,-ավելացրեց նա:


Սամվել Մկրտչյանը նշեց, որ այս պահին փրկարարական աշխատանքները ըստ պատշաճի իրականացնելու համար իրենց բավարարում է ունեցած գույքը, սակայն արագընթաց մոտորանավերի պակաս, այնուամենայնիվ, զգացվում է:


ԱԻՆ ջրափրկարարական հատուկ ջոկատի հրամանատարն անդրադարձավ նաև հանրության մեջ տարածված այն խոսակցություններին, թե փրկարարները հաճախ են մարդկանց համար անբարենպաստ իրավիճակ ստեղծում, որպեսզի ի հայտ գա իրենց օգնության անհրաժեշտությունը՝ խեղդվելիս հասնեն օգնության, փրկեն ու գումար պահանջեն:


«Նման բաներ շատ եմ լսել, բայց ես 30 տարի է այս ոլորտում եմ աշխատում և հավաստիացնում եմ, որ նման բաները բացառվում են: Մարդիկ հաճախ են խմում ու դուրս գալիս լողալու, ինչն էլ հաճախ է խեղդվելու պատճառ դառնում: Նշեմ նաև, որ նրանց մեծ մասը տղամարդիկ են»,- ասաց նա:


Ասուլիսի ավարտին Սամվել Մկրտչյանը նրանց, ովքեր պատրաստվում են լողափ գնալ՝ խորհուրդ տվեց. «Մինչև վերջին ուժերը լարելով՝ շարժեք ձեր ոտքերը, կարծես՝ հեծանիվ եք քշում: Դա թույլ կտա ձեզ անընդհատ բարձրանալ ջրի մակերես: Բարձրացրեք ձեր ձեռքը, որպեսզի մարդիկ ձեզ նկատեն և, իհարկե, լողացեք հնարավորինս մարդաշատ վայրերում»: