Սիրիացի ապստամբները զինվել են շարժական զենիթահրթիռային համալիրներով

09:46 • 01.08.12

Ընդդիմադիր Սիրիական ազատ բանակը (ՍԱԲ) Թուրքիայից շարժական զենիթահրթիռային համալիրների (ՇԶՀՀ) խմբաքանակ է ստացել, հայտնում է ամերիիկյան NBC News-ը:

«Հակամարտությունից ի վեր առաջին անգամ Սիրիական ազատ բանակը մոտ երկու տասնյակ շարժական զենիթահրթիռային համալիր է ստանում: Ապստամբները հուսով են, որ սա միայն առաջին խմբաքանակն է»,- Սիրիայից հայտնել է հեռուստաալիքի թղթակից Ռիչարդ Էնջելը` հղում անելով ընդդիմությանը: Նրա խոսքով` ապստամբները ՇԶՀՀ-ն կկիրառեն Հալեպում կառավարական ավիացիայի դեմ պայքարում: Մարտական ինքնաթիռներն ու ուղղաթիռները սիրիական կառավարական զորքին առավելություն են տալիս ապստամբների դեմ պայքարում:

 

Դեռ հայտնի չէ` ինչ արտադրության են ՇԶՀՀ-ները: Այն, որ դրանք ապստամբներին են հասել Թուրքիայի տարածքով, դեռ չի նշանակում, որ դա Անկարայի նախաձեռնությունն է: Սիրիական ընդդիմությանը զինելու անհրաժեշտության մասին վերջին օրերին խոսում են արաբական մի շարք պետություններ, այդ թվում` Սաուդյան Արաբիան ու Կատարը:

Իսկ Հալեպում մարտական գործողությունները շարունակվում են: Երեկ «Արմավիա» ավիաընկերությունը հայտարարել է Երևան-Հալեպ-Երևան ուղղությամբ լրացուցիչ չվերթեր իրականացնելու մասին: Առաջին լրացուցիչ չվերթը կկայանա այսօր: